Շոտլանդիայի հանրաքվեն հարստացրեց ինքնորոշման իրավունքի կիրառման համաշխարհային պրակտիկան

Armenpress 17:10, 19 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Շոտլանդիայի կարգավիճակի հանրաքվեի վերաբերյալ հայտարարությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչության տարածած հայտարարության մեջ ասված է.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Շոտլանդիայի ինքնորոշման հանրաքվեի անցկացումը:

Անկախ արդյունքներից, Շոտլանդիայի հանրաքվեն դարձավ ևս մեկ նախադեպ, որը հարստացրեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման համաշխարհային պրակտիկան և հաստատեց այն ակնհայտ փաստը, որ  սեփական ճակատագիրը որոշելու ժողովուրդների իրավունքի ճանաչումը նորմ է համարվում ժողովրդավարական հասարակության մեջ:

Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ հենց Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարումն է հանգեցրել մարդու իրավունքների զանգվածային խախտումների ու Ադրբեջանից հայ բնակչության բռնատեղահանման և Ադրբեջանի կողմից ԼՂՀ հանդեպ հետագա լայնամասշտաբ  ագրեսիայի, որի արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ սպանվեցին, իսկ հարյուր հազարավորները դարձան փախստական:

Արցախի ժողովրդի կամարտահայտության միջազգային ճանաչումը, որն իրականացվել է 1991թ. և հաստատվել 2006թ., կապահովի խաղաղ գործընթացի անդառնալիությունը ու հնարավորություն կտա կենտրոնացնել ջանքերը ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի արդյունքում ստեղծված երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ մեխանիզմների և պայմանների մշակման վրա»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am