Տավուշում մեկնարկել է «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի փառատոնի դպրոցական փուլը

Armenpress 10:01, 19 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունել է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախագահ Վլադիմիր Աղայանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սեպտեմբերի 18-ին կայացած հանդիպմանը քննարկվել են 2014 թվականի օգոստոսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Հայաստանի հանրակրթական դպրոցներում անցկացվող «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնի կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Նշվել է, որ Տավուշի մարզը միշտ էլ լավագույն ձևով է մասնակցել փառատոնին, և այս տարվա փառատոնն էլ բացառություն չի լինի: Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 20-ը մարզի դպրոցներում կանցկացվի փառատոնի դպրոցական փուլը, որի հաղթողները կմասնակցեն հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 10-ն անցկացվելիք մարզային փուլին: Այս փուլի հաղթողներն արդեն իրավունք կունենան մասնակցելու փառատոնի եզրափակիչ փուլին:

Մարզպետ Հովիկ Աբովյանը ողջունել է փառատոնի անցկացումը՝ կարևորելով նրա դերը դարավոր պատմություն ունեցող հայ-ռուսական մշակութային կապերի էլ ավելի խորացման, ռուսաց լեզվի մասսայականացման ու Ռուսաստանի նկատմամբ հետաքրքրության ակտիվացման գործում, և վստահեցրել է, որ մարզը ամենայն պատասխանատվությամբ ու ակտիվությամբ կմասնակցի փառատոնին: 

Վլադիմիր Աղայանը մարզպետին է ներկայացրել փառատոնի նպատակներն ու խնդիրները, ընթացակարգը: Այն կազմակերպվում է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության և «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ աջակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների և Ռուսաստանի Դաշնության «Ռուսկի միր» հիմնադրամի մասնակի ֆինանսավորմամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am