Երևանյան բեսթսելեր 2/30. Մարկեսի գործերը կրկին ամենապահանջվածն են
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Այն օրեր առաջ նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը երկրորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». հենց այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:
Երրորդ հորիզոնականն է զբաղեցնում Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» հայտնի վիպակը: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում:
Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը չորրորդ հորիզոնականում է: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: Վերջերս այն հայերեն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակ տպաքանակով:
Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը հինգերորդ հորիզոնականում է: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկությունով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ահա արդեն մեկուկես տարի ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:
Վեցերորդ հորիզոնականում է «Ոսկե եղեգն» պետական գրական մրցանակի դափնեկիր երջանկահիշատակ Լևոն Խեչոյանի«Մհերի դռան գիրքը» վեպը, որը լույս է տեսել այս տարի: Գրողի մահից հետո այն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Գիրքն առաջին անգամ փետրվարի 28-ին ներկայացվեց հանրությանը և միանգամից ռեկորդային վաճառք արձանագրեց:
Յոթերորդ հորիզոնականում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության.Տաղեր» գիրքն է:
Ութերորդ հորիզոնականն է զբաղեցնում Վահրամ Սահակյանի «Վարձու ինքնասպաններ» ժողովածուն: Հեղինակն իր նոր գիրքը համարում է մինչև հիմա գրածներից ամենալավը: «Վարձու ինքնասպաններ»-ում մեր ժամանակների պատմություններ են: Գիրքը մարդկանց մասին է, ովքեր տարիներ են կորցնում` փորձելով կարգավորել կյանքը, ժամանակը վատնում են նյութական արժեքներ դիզելու վրա ու չեն նկատում, որ «ինքնավերանում են»:
Իններորդ հորիզոնականում է գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը: Այն տպագրության առաջին իսկ օրվանից արժանացավ ընթերցողների ուշադրությանը: Վեպը ներկայացնում է տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմությունը, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացմամբ: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են Հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրները:
«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է ադրբեջանցի ժամանակակից գրող Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» վեպ-ռեքվիեմը («Էդիթ Պրինտ» հրատարակչություն): Գիրքը պատմում է 1989 թ. Բաքվում և 20-րդ դարասկզբին Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին: Հեղինակը ներկայացնում է ադրբեջանցի երկու ընկերների հոգեվիճակը հայերին դժբախտ ու անօգնական տեսնելու պահին: Այլիսլին ներկայացնում է, թե ինչպես են նրանք քննադատում ու քարկոծում ադրբեջանական իշխանությունը և միևնույն ժամանակ մեծ ցանկություն հայտնում` ոտքով գալ Էջմիածին և դառնալ քրիստոնյա: Գիրքը շատ մեծ հաջողություն ունեցավ Հայաստանում` փոխարենն Ադրբեջանում արժանանալով քարկոծման: Երևանյան երեք հրատարակչություն գրեթե միաժամանակ այն լույս ընծայեցին երեք տարբեր թարգմանությամբ: «Քարակերտ երազներ»-ի պատճառով գրողի ընտանիքի անդամները շատ կարճ ժամանակահատվածում դարձան գործազուրկ, իսկ 2013թ. փետրվարին Այլիսլին, Ադրբեջանի նախագահի հրամանագրով, զրկվեց «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից ու պետական կենսաթոշակից:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ 1 +1Գաբրիել Գարսիա Մարկես
«100 տարվա մենություն»
Բուկինիստ 26 2 +1Գաբրիել Գարսիա Մարկես
«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»
ՎԱ-ՀԱ 22 4 +1Անտուան դը Սենտ Էքզյուպերի
«Փոքրիկ իշխանը»
Անտարես 11 5 *Գրիգոր Նարեկացի
«Մատյան ողբերգության»
Մուղնի 9 6 *Լևոն Խեչոյան
«Մհերի դռան գիրքը»
Անտարես 8 7 *Գրիգոր Նարեկացի
«Մատյան ողբերգության.Տաղեր»
Զանգակ 7 8 +1Վահրամ Սահակյան
«Վարձու ինքնասպաններ»
Անտարես 7 9 *Աքրամ Այլիսլի
«Քարակերտ երազներ»
Էդիթ
Պրինտ
6