Պոլսահայ երգչուհի Սիպիլը կաջակցի Երևանի մանկապարտեզներից մեկին

Armenpress 20:37, 18 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ երգչուհի Սիպիլը աջակցություն կցուցաբերի  Երևանի մանկապարտեզներից մեկին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  երկրորդ տարին անընդմեջ, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, պոլսահայ երգչուհի Սիպիլը Երևան է այցելում՝ բազմաթիվ ծրագրերից բացի, նաև Երևանի մանկապարտեզներից մեկին աջակցելու նախաձեռնությամբ։ Այս տարի Սիպիլը Երևանում ներկայացնում է «Սեր» ալբոմը։

«Ուրախ եմ, որ կրկին հնարավորութուն ունեմ Երևանում լավ գործ անելու։ Այս անգամ ևս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աջակից է իմ նախաձեռնությանը, ինչի համար շնորհակալ եմ ու կարծում եմ՝ իմ այս համեստ ներդրումը ևս օգտակար կլինի։ Այս տարի շնորհանդեսին վաճառված ձայնասկավառակների հասույթը ուղղելու ենք Երևանի այն մանկապարտեզներից մեկին, ուր սիրիահայ երեխաներ ամենաշատն են այցելում»,- նշել է երգչուհին։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հիշեցրել է, որ անցյալ տարի երգչուհու «Սիպիլ» ալբոմի շնորհանդեսին ձայնասկավառակների վաճառքի հասույթով մասնակի նորոգման աշխատանքներ են կատարվել Երևանի թիվ 101 մանկապարտեզում։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am