Հայ և ամերիկացի մասնագետները քննարկել են սեյսմիկ անվտանգության խնդիրները
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻ նախարարությունը, ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի հետ համատեղ, սեպտեմբերի 16-17-ը անցկացրել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը, ազգային աջակցության իրականացումը և միջազգային ուժերի հետ համագործակցությունը» թեմայով աշխատաժողով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, գիտաժողովին մասնակցել են ՀՀ կառավարման մարմինների և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի խնդիրներին քաջատեղյակ միջազգային կազմակերպությունների փորձագետներ:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը: Ողջունելով ներկաներին և կարևորելով նման միջոցառումների անցկացումը` Սերգեյ Ազարյանը, մասնավորապես, նշել է. «Մենք կարևորում ենք սեյսմիկ անվտանգության խնդիրը, քանի որ 1988թ. Սպիտակի երկրաշարժի վերքը դեռ չի սպիացել: Փորձը ցույց է տալիս, որ աղետների հետևանքների վերացման համար ավելի շատ միջոցներ են ծախսվում, քան կանխարգելիչ միջոցառումների համար: Հայաստանում այդ ուղղությամբ զգալի աշխատանք է արված` ԱԻՆ-ում հիմնվել է սերվերային կենտրոն, վերանորոգվում են Գառնու դիտարանն ու Ստեփանակերտի այլընտրանքային օդանավակայանը, ամբողջությամբ վերազինվել է ճգնաժամային կառավարման կենտրոնը, նման կենտրոններ են ստեղծվում նաև մարզերում: Սակայն որքան էլ ԱԻ նախարարությունը հզոր լինի, այն չի կարող միայնակ դիմակայել նման աղետներին: Վստահ եմ, որ այս աշխատաժողովը կօգնի երկուստեք օգտակար հարուստ փորձի փոխանակում կատարել: Բոլորիս մաղթում եմ արգասաբեր աշխատանք»:
ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչ Ջասթին Ռաթլեջն իր ողջույնի խոսքում ընդգծել է Հայաստան-Կանզաս համագործակցության բարձր մակարդակը և համոզմունք հայտնել, որ այն շարունակական կլինի:
Աշխատաժողովի մասնակիցների զեկույցները հիմնականում վերաբերել են ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանին, Սպիտակի երկրաշարժի դասերին, սեյսմակայուն շինարարության հիմնախնդիրներին, աղետների հետևանքների վերացման գործում հասարակության դերին, երկրատեղեկատվական համակարգերին, օպերատիվ կառավարմանը, աղետների ժամանակ բնակչության իրազեկմանն ու հասարակայնության հետ կապերին:
ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի, Կանզասի ազգային գվարդիայի և ԱԻ կառավարման նահանգային ստորաբաժանման ներկայացուցիչները կիսվել են իրենց փորձով, ներկայացրել երկրաշարժերի ժամանակ, դրանցից առաջ և հետո իրականացվող գործողությունները:
Զեկույցներով են հանդես եկել նաև ԱՌՆԱՊ հիմնադրամի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, Կարմիր խաչի և կարմիր մահիկի գրասենյակի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները:
Աշխատաժողովի ընթացքում Միացյալ Նահանգների և միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ արդյունավետ քննարկումները շատ օգտակար են եղել ոլորտում առկա բազմաթիվ խնդիների լուծման համար` հաշվի առնելով երկրաշարժերի արձագանքման հետ կապված միջազգային հարուստ փորձը:
- Երևանի բարեգործական ճաշարաններում տաք սնունդ է ստանում 2400 շահառու
Քաղաքապետարանի ներկայացուցիչները այցելել են շահառուներին: - Արտեմ Ասատրյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել երեխաների իրավունքների
պաշտպանության ոլորտի բարեփոխումները
Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ոլորտում առկա խնդիրների լուծմանը: - «Արմավիր» ԲԿ-ում հղի կնոջ նկատմամբ բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում
հայտնաբերվել են խախտումներ
Քրեական գործն ընդունվել է Արմավիրի մարզային քննչական վարչության Արմավիրի քննչական բաժնի վարույթ: - ՀԿ-ների համար հայտարարվել է Նախագահի աշխատակազմի կողմից
հատկացվող դրամաշնորհների մրցույթ
Մրցույթին մասնակցելու համար հայտը պետք է ներկայացվի 2015թ փետրվարի 16- ից մինչև մարտի 17-ը: - Երևանի Վերնիսաժի 20-ամյակի առթիվ տոնական միջոցառում է կայացել
Հանդիսությանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և գլխավոր խորհրդականը: