Ակունք գյուղում գայլերը լուրջ վնաս են հասցրել ոչխարի մոլորված հոտին

Armenpress 16:00, 14 Սեպտեմբեր, 2014

ԳԱՎԱՌ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում գայլերը լուրջ վնաս են պատճառել տնտեսությունների ոչխարների հոտին` հոշոտելով կամ վիրավորելով մի քանի տասնյակ գլուխ ոչխար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ակունքի գյուղապետ Արծրուն Ղարիբյանը, սեպտեմբերի 13-ին գյուղի տնտեսությունների 400 գլուխ ոչխարների հոտն արածեցնելու հերթը բաժին է ընկել համագյուղացի Գագիկ Ավագյանին, ով երեկոյան հոտը տուն բերելիս պարզել է, որ 150 գլուխ ոչխար բաժանվել է հոտից եւ մնացել սարերում: Գիշերվա ընթացքում որոնումները գրեթե արդյունք չեն տվել, իսկ սեպտեմբերի 14-ի ցերեկվա ընթացքում ակունքցիներին հաջողվել է գտնել իրենց ոչխարների հոշոտված 20 դիեր, եւս 20 ոչխար գյուղացիները գտնել են վիրավոր վիճակում: Մնացած գլխաքանակի որոնումներն առայժմ շարունակվում են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am