Տիգրանակերտի հանելուկը հետազոտող հնագետները ակնկալում են բացել ամրոցի գլխավոր մուտքը

Armenpress 18:16, 8 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Նոր Մարաղա գյուղի հարևանությամբ գտնվող պատմական Տիգրանակերտ քաղաքի հնագիտական պեղումների արդյունքում այս տարի հայտնաբերվել է երկրորդ եկեղեցին, աշխատանքները շարունակվել են Անտիկ և Կենտրոնական թաղամասերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:

«Այս տարի շատ կարևոր ձեռքբերումներ ենք ունեցել: Հասցրել ենք պեղել մեր հիմնական պեղավայրերից մեկի` Վանքասարի լանջի վրա գտնվող Տիգրանակերտի ամրոցի հյուսիսային պարսպի 250 մետրը, ինչը Տիգրանակերտը դարձնում է իր ժամանակաշրջանով թվագրվող և այդքան մանրամասնորեն բացված բացառիկ հուշարձան Կովկասում: Պարիսպն այժմ թեքվել է ամրոցի ներսի կողմ, նոր կցակառույցններ են հայտնաբերվել: Մենք ակնկալում ենք շուտով բացել ամրոցի գլխավոր մուտքը, որը խոստանում է ոչ միայն ճարտարապետական հետաքրքիր լուծումներ, այլև ակնկալում ենք արձանագրությունների բեկորներ գտնել, ինչն ավելի շատ մանրամասներ կհաղորդի կառույցի մասին»,- նշեց Պետրոսյանը: 

Անտիկ առաջին թաղամասում պեղումները երևան են հանել անտիկ ժամանակաշրջանի քաղաքաշինության սկզբունքներին հավատարիմ կառուցված «հանրակացարանային թաղամասի» մի հետաքրքիր հատակագծում: Դրանք 40-50 մ երկարությամբ ձգվող մեծ պատեր են, որոնց երկու կողմերում հատուկ բնակելի տնտեսական համալիրներ են ստեծված: Հնագետի խոսքով` ակնհայտ է, որ այդ թաղմասերում բնակվող մարդիկ իրենք են հոգացել իրենց առօրյա սնունդը, անգամ կարելի է վավերացվել որոշ տնայնագործական արհեստների առկայությունը: «Ասյտեղ, ամենայն հավանականությամբ, բնակվել է եղել քաղաքը սպասարկող անձնակազմը»,- հայտնեց Պետրոսյանը:

Կենտրոնական թաղամասում, վաղ քրիստոնեական հրապարակում հնագետները պեղումների միջոցով գետնի տակից վեր են հանել երկրորդ եկեղեցին` կառուցված սրբատաշ քարով: Մշակութաբանական և հնագիտական տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն ունի եկեղեցու ավագ խորանի տակ գտնվող վաղ քրիստոնեական դամբարանը:  Հնագետի խոսքով` Տիգրանակերտում համարյա բոլոր կառույցները սրբատաշ են, ինչը ցույց է տալիս քաղաքի հարստությունը, հզորությունը, նրա վարպետների ճարտարությունը:

Աշխատանքը և առօրյան պեղավայրում 

25-30 անդամներից բաղկացած արշավախումբն արթնանում է առավոտ կանուխ` 4:30-ին, իսկ վեցին սկսվում են բուն աշխատանքները պեղավայրում և առանց դադարի շարունակվում մինչև 12:00-ն: Կեսօրվա շոգին ու տապին աշխատելն անհնար է. ծանր ու լարված աշխատանքից հոգնած հնագետները վայելում են իրենց վաստակած հանգիստը: Երեկոյան ժամը 17:00-ին սկսվում է աշխատանքը գտածոների վրա: Ամեն օր հայտնաբերվում է մի քանի տասնայկից մինչև հարյուր գտածո, որը պետք է լվանալ, մաքրել, բոլոր բեկորները լուսանկարել, չափագրել, գրանցել անձնագրերի մեջ: Իսկ գիշերը 22:00 արշավախմբի անդամները գնում են քնելու` հաջորդ օրը նորից անհայտը հետամտելու, նոր հանելուկներ բացահայտելու համար:

Արշավախմբում աշխատում են Երևանի պետական համալսարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Արցախի պետական համալսարանի հետազոտողներ, ինչպես նաև Ֆլորենցիայի և Մարսելի համալսարանների մասնագետները: Այս տարի հնագիտական աշխատանքներին էր միացել նաև հայտնի մարդաբան Պոլ Բեյլին: Պետրոսյանի խոսքով` Տիգրանակերտում բազմաթիվ թաղումներ են հայտնաբերվել, և խնդիրներ էին առաջացել դրանց ժամանակագրությունը, սեռատարիքային կազմը որոշելու հարցում:

Պեղումներին ամեն տարի մասնակցում են նաև Երևանի պետական համալսարանի 6-8 ուսանողներ: Իսկ այս տարի մեկ ասպիրանտ է եկել Սորբոնի համալսարանից: «Տիգրանակերտն այսօր հանրահռչակման կարիք ունի: Օտարերկրյա մասնագետներին ներգրավելով` մենք կկարողանանք այնպես անել, որ այլ երկրներում ևս իմանան նրա մասին: Հնագիտական պեղումները զուտ ակադեմիական նշանակությունից բացի, ունեն մշակութային ժառանգության հանդեպ հասարակության ուշադրությունը գրավելու կարևորություն»,-մեկնաբանեց արշավախմբի ղեկավարը:

Տիգրանակերտի առաջին մունետիկները 

Տիգրանակերտի հայտնաբերումն ու առաջին պեղումները մեծ հետաքրքրություն են առաջացրել արցախահայության շրջանում: Մարդիկ ավելի ուշադիր են դարձել իենց շրջապատի հանդեպ, ավելի հաճախ են դիմում մասնագետներին` կասկածելի կամ ուշագրավ որևէ հնություն նկատելիս: Հնագետների արշավախմբից բացի, հնագիտական պեղավայրում աշխատում է բանվորների 40-50 հոգանոց խումբը:

Համլետ Պետրոսյանի դիտարկմամբ` Տիգրանակերտը տեղական բնակչության, արցախահայերի և ողջ հայության ինքնության վրա ազդող ամենահզոր գործոններից մեկն է: Առաջին հերթին, պեղումները մեծ դերակատարություն ունեն տեղի բնակչության ինքնության, նրանց սոցիալ-մշակութային գործընթացների վրա: «Այդ տարածքները նախկինում բնակեցված են եղել ադրբեջանցիներով և Տիգրանակետը տեղի հայերի համար սրբազան վայր է դարձել` դարձել է իրենց այնտեղ ապրելու պատմական ամենաէական ապացույցը: Ժամանակակից հայկական ինքնությունը շատ հաճախ սիմվոլիկ ինքնություն է: Ողջ աշխարհի հայությունը իրեն հայկական ինքնության հետ նույնականացնում է ոչ թե ընդհանուր քաղաքական համակարգի, լեզվի, դավանանքի կամ կրոնի վրա հիմնվելով, այլ որովհետև դարերի ընթացքում մենք ստեղծել ենք ընդհանուր խորհրդանիշներ: Այս տեսանկյունից խորհրդանիշը մեր միավորման և կոլեկտիվ ինքնության պահպանման համար կարևոր նշանակություն ունի, և այսօր նման խորհրդանիշներից է նաև Տիգրանակերտը»,- բացատրեց նա:

Հուշարձանի դերը ժամանակակից քաղաքական գործընթացներում 

Չնայած Տիգրանակերտի կարևոր նշանակությանը, պատմաբանի խոսքով, այն անտարբերության է մատնված Հայաստանի քաղաքական դաշտում: «Մինչեւ այսօր որևէ կուսակցություն ոչ մի ակցիա, բողոքի ցույց չի արել Տիգրանակերտի համար, քաղաքական ակցիաներ են իրականացնում ընդդեմ Տիգրանակերտի պեղումների, Արցախ այցելողներին Ադրբեջանը զրկում է իր երկիր այցելելու հնարավորությունից։ Բացի այդ, Ադրբեջանն անընդհատ դիմում-բողոքներ է ուղարկում այն կազմակերպություններին, որոնք մասնակցում են մեր պեղումներին»,- նկատում է Պետրոսյանը: Ըստ նրա` թերագնահատվում է Տիգրանակերտի դերը, համարվում է, որ ժամանակակից քաղաքական գործընթացներում հնագիտական նման հայտնագործությունները, հայերի վկայության փաստումն այդ տարածքներում որևէ արժեք չունեն:

Տիգրանակերտի հայտնաբերումն ու առաջին պեղումները 

Արցախի հնագիտական արշավախումբն Արցախի Տիգրանակերտի կոնկրետ տեղադրությունը ճշգրտել է 2005 թվականին, իսկ 2006 թվականի օգոստոսին սկսվել են առաջին պեղումները:

Արշավախմբի ղեկավարը անցյալի հետազոտությունը համեմատում է հանելուկների լուծման հետ: Տաս տարվա ընթացքում 7 հա տարածքից հաջողվել է պեղել 2 հա տարածք, որը Պետրոսյանի գնահատմամբ` բավական է քաղաքը հասկանալու և ներկայացնելու համար:

Մինչ օրս հայտնաբերված նյութերը հավաստում են, որ Տիգրանակերտը եղել է քաղաքաշինական առաջադեմ հատակագծումով եւ շինարարական տեխնիկայով ստեղծված ընդարձակ մի բնակավայր, որը հիմնադրվելով մ.թ.ա. առաջին դարում հարատեւել է մինչեւ 14-րդ դարը: Այն ամբողջովին կառուցվել է տեղական սպիտակ կրաքարից, փռվել է լեռան լանջն ի վեր և ստորոտի հարթավայրում, ունեցել է հզոր պարիսպներ, ժայռափոր ջրանցքներ: Տիգրանակերտը եղել է այգիների մեջ թաղված սպիտակ քաղաք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am