Ուելսում մեկնարկում է ՆԱՏՕ-ի 26-րդ գագաթնաժողովը. ՈւՂԻՂ

Armenpress 15:51, 4 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուելսի Նյուփորթ քաղաքում մեկնարկում է ՆԱՏՕ-ի 26-րդ գագաթնաժողովը, որին մասնակցում են տարբեր պետությունների և կառավարությունների ավելի քան 60 ղեկավարներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արդեն տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրերի դիմավորման արարողությունը, նրանց հետ լուսանկարվեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քատուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը եւ Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: Գագաթնաժողովը կշարունակվի նաեւ սեպտեմբերի 5-ին:

Գագաթնաժողովին ներկա կլինեն Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ բոլոր 28 երկրները, կմասնակցեն տարբեր երկրներից եկած շուրջ 4000 պատվիրակներ: Գագաթնաժողովը լուսաբանում է 1500 լրագրող: Անվտանգությունը կապահովեն շուրջ 9500 անվտանգության աշխատակիցներ:

ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում որպես այս տարվա գագաթնաժողովի հիմնական առաջնահերթություններ են նշվում Ուկրաինայում առկա ճգնաժամը և հարաբերությունները Ռուսաստանի հետ, Աֆղանիստանի ապագան, պայքարը նոր սպառնալիքների դեմ, զինված ուժերին տրամադրվող աջակցության և համագործակցության ամրապնդումը:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովները տեղի են ունենում երկու տարին մեկ: Նախորդ անգամ գագաթնաժողովը կայացել էր 2012 թվականի մայիսի 20-21-ը Չիկագոյում:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Նյուպորտում ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Նախատեսվում է, որ Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով:

ՆԱՏՕ-Անվտանգության աջակցության միջազգային ուժեր ձևաչափով վերջին այս հանդիպմանը կամփոփվեն Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելության արդյունքները և կնախանշվեն նոր՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելության ուղղությունները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am