Իրաքում ԻԼԻՊ-ի 133 անդամներ են սպանվել

Armenpress 12:22, 2 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սալահ ադ Դին մարզում և Բաղդադում Իրաքի անվտանգության ուժերի և ԻԼԻՊ խմբավորման միջև բախումների հետևանքով ԻԼԻՊ-ի 133 անդամներ են սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրանցից 65-ը սպանվել են Ամերլի քաղաքում: Սպանվածների թվում են խմբավորման երկու ղեկավարները: Բացի այդ, ձերբակալվել են ևս 27 անդամներ:

Իրաքի անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ Բաղդադի հարավում 2 ականապատ մեքենաների պայթյուններից 13 մարդ զոհվել, ևս 42-ը վիրավորվել են:

ՄԱԿ-ի տեղեկություններով, Իրաքում օգոստոս ամսին բռնությունների զոհ է դարձել 1420 մարդ: Նշված ցուցանիշի մեջ չեն ներառվել Անբարը և այն շրջանները, որոնք գտնվում են ԻԼԻՊ իսլամիստական խմբավորման վերահսկողության տակ: Մինչև այժմ ԱՄՆ-ը 123 հարված է հասցրել ԻԼԻՊ-ի հենակետերի ուղղությամբ Իրաքում: Նախօրեին օդային հարվածի հետևանքով Մոսուլի շրջանում ԻԼԻՊ-ի 3 բեռնատար է ոչնչացվել:

ԻԼԻՊ խմբավորումը վերահսկողություն է հաստատել երկրի ողջ տարածքի մեկ երրորդի վրա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am