ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է Լիտվա-Արցախ պատգամավորական բարեկամության խմբի անդամներին

Armenpress 20:07, 1 Սեպտեմբեր, 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Լիտվայի Հանրապետություն–Արցախի Հանրապետություն պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  վարչությունից, ԱԳ նախարարը ողջունել է հյուրերին՝ կարևորելով խմբի գործունեությունը Արցախի և Լիտվայի միջև հարաբերությունների զարգացման առումով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բարեկամության խմբի գործունեության շրջանակներում որոշ գործնական ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները:

Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, ինչպես նաև ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ վերջին շրջանում արձանագրված ձեռքբերումներին: Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լիտվայի Սեյմասում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը կարևոր ներդրում է Արցախի ժողովրդի ազատության ձգտումների նկատմամբ միջազգային աջակցության գործում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am