Գավառի պետհամալսարանը Գիտելիքի օրը նշանավորվեց Հայրենասիրության դասով

Armenpress 19:34, 1 Սեպտեմբեր, 2014

ԳԱՎԱՌ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր  ուսումնական տարին Գավառի պետական համալսարանում մեկնարկեց հայրենասիրական ոգով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի պետական համալսարանի լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից, բուհի ուսանողների համար կազմակերպվել էր հայրենասիրության եւ արիության դաս, որը վարեցին ՀՀ Սփյուռքի նախարար, Գավառի պետական համալսարանի խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանը եւ ՀՀ պաշտպանության  նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը:

Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է հայոց փառապանծ պատմությանը, հայ ժողովրդի հաղթանակներին եւ ձեռքբերումներին: ՀՀ ՊՆ բանակային երկրորդ կորպուսի հարամանատար Պողոս Պողոսյանը խոսեց Հայոց բանակի կազմավորման եւ անցած ուղու, տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի, առկա խնդիրների միջազգային կարգավորման մասին, հպարտորեն նշեց տանկային բիաթլոնի 2014թ. աշխարհի առաջնությանը հայ տանկիստների` փոխչեմպիոնի բարձր տիտղոսին արժանանալու, անհատական ու թիմային պայքարում բարոյակամային ու մասնագիտական բարձր արդյունքներ ցուցաբերելու մասին: Հանդիպման ավարտին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի համար իրենց կյանքը զոհած քաջարի հայորդիների հիշատակը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am