Դավութօղլուն առաջինը կայցելի Հյուսիսային Կիպրոս և Ադրբեջան

Armenpress 15:55, 1 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նորանշանակ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր առաջին պաշտոնական այցերը կիրականացնի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն և Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անատոլու» գործակալությունը:

Թեպետ արդեն իսկ հայտնի են երկրները, այդուհանդերձ դեռևս հստակեցված չեն այնտեղ մեկնելու ժամկետները:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էևրդողանը ևս իր առաջին այցերն իրականացնելու է վերոնշյալ երկրներ: Սկզբում նա լինելու է  ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում, այնուհետև` սեպտեմբերի 2-ին այցելելու է Ադրբեջան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am