Իրաքում պայթյունի զոհ է դարձել 37 մարդ

Armenpress 15:12, 1 Սեպտեմբեր, 2014

 ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի բժշկական և անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունից Ռամադի քաղաքի արևմուտքում 37 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պայթյունի զոհերից 22-ը անվտանգության աշխատակիցներ են, 15-ը` քաղաքացիներ: Պայթյունը որոտացել է 9- հարկանի շենքի մերձակայքում, որը պատկանում էր անվտանգության ծառայությանը:

Մյուս կողմից` ԱՄՆ-ը օգոստոսի 31-ին 2 հարված է հասցրել Իրաքում ԻԼԻՊ խմբավորման հենակետերի ուղղությամբ: Հարվածներն ուղղվել են Ամերլի քաղաքի ուղղությամբ, որը վերջին 2 ամսում կտրված էր արտաքին աշխարհից:

Ավստրալիայի վարչապետ Տոնի Աբբոտը հայտարարել է, որ իր երկիրը մոտակա օրերին զենք կտրամադրի քրդական ուժերին, որոնք պայքարում են ԻԼԻՊ-ի դեմ:

Տեղեկություններ կան, որ Գերմանիան նույնպես մինչև սեպտեմբերի վերջ զենք կտրամադրի Իրաքին:

Ավելի վաղ` օգոստոսի 27-ին, Չեխիայի կառավարությունը որոշում էր ընդունել զենք տրամադրել Իրաքին` ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար:

ԻԼԻՊ խմբավորման անդամները արդեն մի քանի ամիս է հսկողություն են հաստատել Իրաքի տարածքի մեկ երրորդ մասի վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am