Լիտվա-Արցախ բարեկամության խմբի անդամները կմասնակցեն Արցախի անկախության տոնակատարությանը

Armenpress 14:10, 1 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան այցելությունից հետո սեպտեմբերի 1-ի երեկոյան Լիտվայի Հանրապետության Սեյմասի Լիտվա-Արցախ բարեկամության խմբի անդամները կժամանեն Ստեփանակերտ: Ստեփանակերտում նրանք հանդիպումներ կունենան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Բացի պաշտոնական հանդիպումից, լիտվացի հյուրերը կմասնակցեն նաեւ սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի հրապարակում կայանալիք ԼՂՀ անկախության 23 ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:

«Այս այցելությունը թե երկկողմ հարաբերությունների զարգացման առումով է կարեւոր, թե Արցախի միջազգային ճանաչման տեսանկյունից: Լիտվացի հյուրերը կմասնակցեն նաեւ Արցախի անկախության 23 ամյակին նվիրված տոնակատարություններին: Այնուհետեւ նրանք հանդիպումներ կունենան ԼՂՀ նախագահի եւ Ազգային ժողովի նախագահի ու պատգամավորների հետ: Քննարկվելիք թեմաները բազմաթիվ են ու լայն, եւ մենք հույս ունենք Լիտվայի հետ առավել խորը բարեկամության եւ համագործակցության»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Օգոստոսի 30-ին Երեւան է այցելել Լիտվայի Հանրապետության Սեյմի Լիտվա-Արցախ բարեկամության խմբի պատվիրակությունը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Դալիա Կուոդիտեն:  Նրանց ընդունել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ավելի ուշ պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Դալիա Կուոդիտեն նշել է, որ Ստեփանակերտ այցելության ժամանակ քննարկելու են ապագա համագործակցության ծրագրերը, կազմելու առաջիկայի նախագծեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am