Երիտասարդները՝ «Սեպտեմբերի 1-ը բոլորի համար է» բարեգործական նախաձեռնությամբ

Armenpress 13:41, 1 Սեպտեմբեր, 2014

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցի երիտասարդները շարունակում են զարմացնել իրենց բարեգործական ծրագրերով:  Այս անգամ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի  Սուրբ Յոթվերք եկեղեցու «Բարեգործական ջոկատ»-ի անդամները հանդես եկան «Սեպտեմբերի 1-ը բոլորի համար է»  բարեգործական նախաձեռնությամբ:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սուրբ Յոթվերք» եկեղեցու «Բարեգործական ջոկատ»-ի հանրային կապերի պատասխանատու Գայանե Ավետիսյանը,  Գյումրու երեք խոշոր` «ԷԼԱՎ», «Գրքերի տուն» և «ԱԼՖԱ» գրենական պիտույքների վաճառատների մոտ  երկօրյա ակցիայի ընթացքում, մոտավոր հաշվարկով հավաքագրվել է 180-200 հազար դրամ արժողությամբ գրենական պիտույք, կազմվել է 30 պարկ և այն բաժանվել դպրոցահասակ երեխա ունեցող, սոցիալապես անապահով  30 ընտանիքի: «Ընտանքիների ընտրության հարցում հաշվի ենք առել Շիրակի թեմի Սուրբ Յոթվերք եկեղեցու «Բարեգործական ջոկատ»-ի` նախկինում իրականացրած տնայցերի ժամանակ  կատարած կարիքների գնահատման արդյունքերը: Որոշ ընտանքիներ  մատնանշվել են նաև Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի կողմից: Ակցիային դրամական մասնակցություն է ունեցել նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը, ինչի շնորհիվ գնվել են պայուսակներ»,-նշեց Գայանե Ավետիսյանը:

Ավելացնենք, որ ծրագիրն իրականացրել է Շիրակի թեմի Սուրբ Յոթվերք եկեղեցու «Բարեգործական ջոկատ»-ը՝ «Սբ. Աստվածածին Յոթվերք» երիտասարդաց միության և   Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական բաժնի հետ համատեղ:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am