ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ

Armenpress 09:33, 1 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի ուղերձում ասված է.

«Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ,

Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:

Մշակույթն ու դպրությունը մեր ժողովրդի դարավոր ընթացքի այցեքարտն են եղել: Անգամ ամենադժվարին պայմաններում հայերս չենք հրաժարվել գիտակրթական առաջընթացից և եղել ենք ամենագրասերներից մեկը տարածաշրջանում:

Հայ ժողովրդի այդ բնատուր առաջադիմական ավանդույթների շնորհիվ մենք հասել ենք որակապես նոր հանգրվանի: Կրթության որակի բարելավումը մեր պետականության կարևոր առաջնահերթություններից է այսօր: Մեր երկրի հաջողություններն ակնառու են դառնում միջազգային դպրոցական օլիմպիադաներում մեր աշակերտների արձանագրած հաղթանակների շնորհիվ: Սակայն դրանք ընդամենը շատ բարդ և քարքարոտ ճանապարհի սկիզբն են, որի հաղթահարումը հնարավոր է բոլորիս հետևողական ջանքերի համատեղմամբ:

Հաջողություն եմ մաղթում բոլոր ուսուցիչներին ու դասախոսներին, բոլոր աշակերտներին և ուսանողներին նոր ուսումնական տարում: Հատկապես շնորհավորում եմ կրթական հաստատությունների շեմն առաջին անգամ հատողներին: Թո՛ղ այս ուսումնական տարին լինի արգասաբեր, քանի որ մեր աշակերտներն ու ուսանողները դնելու են ոչ միայն սեփական կյանքի, այլև Հայաստանի ապագայի ամուր հիմքերը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am