Սեպտեմբերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Armenpress 12:02, 30 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ու հանրապետության ողջ տարածքում կդիտվի փոփոխական եղանակ: Այսօրվանից հյուսիս-արեւմուտքից երկիր կթափանցեն ցուրտ հոսանքներ եւ ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով: Ջերմաստիճանը կնվազի, սակայն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի գնահատմամբ` կլինի տաք եւ նորմային մոտ պայմաններով սեպտեմբեր:

«Ջերմաստիճանային ամենակտրուկ փոփոխությունը կգրանցվի Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում: Այս մարզերում օդի ջերմաստիճանը միանգամից կնվազի 10 աստիճանով, իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում կգրանցվեն կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օգոստոսի 30-ին լրագրողներին հայտնեց Գագիկ Սուրենյանը:

Բոլոր նրանք, ովքեր չեն հասցրել Սեւանում հանգստանալ` պետք է շտապեն: Առայժմ Սեւանա լճի ջուրը 22 աստիճան տաքության է, սակայն սեպտեմբերից կնկատվի ջերմաստիճանի անկում:

Ինչ վերաբերում է այս տարվա օգոտոսին, այն հանրապետությունում երբեւէ գրանցված ամենատաք ամիսներից է. 5 օր շարունակ օդի ջերմաստիճանը եղել է 40-ից բարձր, իսկ միջինում չի գերազանցել 38-39 աստիճանը: Օգոստոսին հանրապետության ողջ տարածքում գրանցվել է նաեւ խոնավության բարձր աստիճան, ինչի հետեւանքով շոգն ավելի անտանելի է թվացել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am