Էդուարդ Շարմազանովն Էրդողանին Հայաստան այցով հրավիրելն արդարացված քայլ է համարում

Armenpress 20:36, 29 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համաձայն է փորձագետների տեսակետի հետ, որ ՀՀ իշխանությունների կողմից Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը Հայաստան հրավիրելու քայլն արդարացված է: «Այս քայլով Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Հայոց ցեղասպանության դատապարտման կողմնակիցն է, և ակնկալում է Թուրքայի առերեսումը պատմության հետ: Եթե նման բան լինի, և Թուրքիայի Նախագահը գա Հայաստան, ապա սա կխոսի այն մասին, որ Թուրքայի քաղաքական վերնախավը ընդունում է եղեռնագործությունը, որը տեղի է ունեցել նախորդ դարասկզբին, և հրաժարվում է ժխտողական քաղաքականությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց Շարմազանովը:

Ըստ նրա` եթե Թուրքիայի Նախագահը մերժի հրավերը և չգա, ապա դա կխոսի այն մասին, որ Թուրքիան չի ցանկանում հրաժարվել ժխտողական քաղաքականությունից և շարունակում է առաջ տանել ժխտողականությունը: «Այս պահին ես Թուրքիայի իշխանությունների` ժխտողական քաղաքականությունից հրաժարվելու նախադրյալներ չեմ տեսնում: Սակայն եթե Էրդողանը չժամանի Հայաստան, դա կհաստատի այն, որ Թուրքիան շարունակելու է ժխտողական քաղաքականությունը»,- ընդգծեց Շարմազանովը՝ հավելելով, որ երկու դեպքում էլ Հայաստանը հայտնվում է շահեկան դիրքում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am