Լիճքի նորակառույց եկեղեցին կօծվի հոկտեմբերին

Armenpress 18:35, 29 Օգոստոս, 2014

ԳԱՎԱՌ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում ավարտին են մոտենում նորակառույց եկեղեցու շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2011 թվականին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանը, 14 մետր երկարություն, նույնքան լայնություն եւ 20 մետր բարձրություն ունեցող կենտրոնագմբեթ եւ բազալտակուռ եկեղեցու կառուցումը կատարվել է բացառապես լիճքեցիների հանգանակած գումարով, որը կազմել է մոտ 350 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Օգոստոսի 29-ի դրությամբ` արդեն ավարտվում են գմբեթի տեղադրման եւ ներքին հարդարման աշխատանքները, սեպտեմբերի ընթացքում կավարտվեն արտաքին պատերի հարդարման եւ տարածքի բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները: Բացման եւ օծման արարողությունները տեղի կունենան հոկտեմբերին: Եկեղեցու խորանը եւ ներսի պատերը կզարդարեն Աստվածամոր, Հիսուսի, Առաքյալների սրբապատկերները:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am