Մենք մեր հերոս տղաներին պարտք ենք մնացել. Սերժ Սարգսյանն աշակերտներին հորդորեց հետաքրքրվել ազատամարտի պատմությամբ

Armenpress 15:00, 29 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պատգամը դպրոցը գերազանցության մեդալով ավարտած, տարբեր միջազգային մրցույթներում հաղթած աշակերտներին  այն է, որ ուսումնասիրեն Հայաստանի ազատամարտի պատմությունն ու վեր հանեն հազարավոր հերոսների պատմությունները: Այս մասին օգոստոսի 29-ին ՀՀ նախագահի նստավայրում կայացած հանդիպման ժամանակ հայտնեց Սերժ Սարգսյանը` պատասխանելով աշակերտներից մեկի հարցին` թե որ թեման է եղել նախագահի` շարադրության ամենասիրելի թեման: «Պարզ է, որ բազմաթիվ թեմաներ են հետաքրքրում ինձ, որովհետև պետական կառավարման համակարգում աշխատող պաշտոնյան պարտավոր է շատ թեմաների տիրապետել, իսկ ես արդեն քսան տարուց ավելի է, որ աշխատում եմ պետական կառավարման համակարգում, բայց ակնհայտորեն ինձ շատ են հետաքրքրում Հայոց լեզուն ու դրա անցած ճանապարհը: Ես շատ կցանկանայի, որ այստեղ նստած երիտասարդներն իրենց ուսումն ավարտելուց հետո հետաքրքրվեին մեր ազատամարտի պատմությամբ: Մենք ունեցել ենք հարյուրավոր, հազարավոր հերոսներ, բայց, ի տարբերություն մեր հակառակորդի, մենք այդ հերոս տղաներին պարտք ենք մնացել, մենք պաշտոնապես այդ հերոսությունը չենք ամրագրել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնեց Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` Ադրբեջանում տասնյակ մարդիկ կան, ում նրանք հերոս են անվանում, այն դեպքում, երբ 1992-1994 թվականին նրանք ունեցան մեծ կորուստներ: «Ստացվում է, որ հաղթողը մի ողջ հերոս չունի, իսկ պարտվողն ունի տասնյակ հերոսներ: Բոլորիս պարտքն է վեր հանել յուրաքանչյուր դրվագ, յուրաքանչյուր մեր մարտիկի հերոսություն: Այն, թե ինչի շնորհիվ կարողացանք հաղթել, այդ հարցի պատասխանը դեռևս որևէ մեկը չի տվել, բայց փաստարների մի հիմնական մասը պետք է բերվի` ցույց տալու, թե ինչի շնորհիվ հայերը կարողացան պաշտպանել իր ազատությունն ու անկախությունը»,-ավելացրեց Նախագահը:

Նա իրեն հարց ուղղող աշակերտից հետաքրարվեց, թե ինչ է ցանկանում դառնալ եւ լսելով` բժիշկ պատասխանը, ոգեւորեց երեխային ասելով, որ դա էլ շատ կարեւոր է. ազատամարտը հերոս բժիշկներ էլ է ունեցել ու ռազմի դաշտում բուժքույրը, սանիտարական մեքենան ու կապի միջոցը ամենակարեւորներից են:

Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել էր «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթողներին, 2013-2014 ուստարվա մեդալակիր շրջանավարտներին, միջազգային օլիմպիադաներում հաղթած աշակերտներին:

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը Հայաստանում անցկացվում է 2009 թվականից: 2014-ին մրցույթին մասնակցել է 3-12-րդ դարսարանի 43 հազար 827 աշակերտ ՀՀ և Արցախի 1040 դպրոցներից: 2013-2014  ուսումնական տարվա ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտները 47-ն են: 2014 թվականի դպրոցականների միջազգային վեց օլիմպիադաների մեդալակիրները 16-ն են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am