Ադրբեջան այցելող ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կրճատվել է

Armenpress 19:06, 28 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին կեսին Ռուսաստանից Ադրբեջան է այցելել 361 հազար քաղաքացի, ինչը 13 տոկոսով ցածր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ռուսաստանի Զբոսաշրջության  դաշնային գործակալության (Ռոստուրիզմ) պաշտոնական կայքը:

Ըստ կայքի` անցյալ տարվա առաջին կեսին Ադրբեջան են այցելել ՌԴ 415 հազար քաղաքացիներ:

Նշվում է, որ 2014 թվականին Ռուսաստանից ամենաշատն այցելել են  Ֆինլանդիա  (2,195 մլն մարդ), Թուրքիա (1,794 մլն մարդ) եւ Ուկրաինա (1,593 մլն մարդ): Ցուցակում Ադրբեջանը զբաղեցնում է 17-րդ տեղը: Նշված ժամանակահատվածում Ադրբեջանից Ռուսաստան է այցելել 347 հազար զբոսաշրջիկ:

«Ռոստուրիզմ»-ը հայտնել է, որ այս տարվա առաջին կեսին Ռուսաստանից արտասահմանյան երկրներ մեկնած զբոսաշրջիկների թիվն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3 տոկոսով նվազել է եւ կազմել 20,139 մլն մարդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am