Ուկրաինայի Հայերի միությունը մարդասիրական օգնություն է փոխանցել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի կարիքավորներին

Armenpress 21:57, 27 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Հայերի միության ներկայացուցիչները Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ավելի քան 90 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի կարիքավորների համար: Դրանում ներառված է սննդամթերք, առաջին անհրաժեշտության իրեր եւ այլն: Ինչպես այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը, AnalitikaUA.net-ին տեղեկացրել են կազմակերպությունից:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկրի տարբեր շրջանների հայ համայնքները պարբերաբար մարդասիրական օգնություն են ցուցաբերում: Ավելի լայնածավալ օժանդակության տրամադրման համար որոշվել է համագործակցել Ուկրաինայի Կարմիր խաչի հանրության հետ:

Անցյալ շաբաթ Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը հանդիպել է Ուկրաինայի Կարմիր Խաչի հանրության նախագահ Իվան Ուսիչենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Միության կողմից Ուկրաինայի արեւելյան շրջանների բնակիչներին մարդասիրական օգնության տրամադրման համակարգման աշխատանքների հետ կապված հարցեր:

Ուկրաինայի Հայերի միությունը Կարմիր Խաչին եւ մարզային համայնքներին շնորհակալություն է հայտնել օպերատիվ աշխատանքի համար: «Հայ ժողովուրդը հիշում եւ բարձր է գնահատում եղբայրական օգնությունը, որ Ուկրաինայից եւ ամբողջ աշխարհից փոխանցվել է մեր Հայրենիքի համար ծանր օրերին: Այդպիսի բաները երբեք չեն մոռացվում: Այսօր մենք ձգտում ենք օգնել ուկրաինացի ժողովրդին»,- հայտարարել է Շատվորյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am