Հայաստանն այն երկրների ցանկում է, որոնց հետ Վրաստանը վիզային ռեժիմ չի սահմանի

Armenpress 18:01, 26 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե նախկինում առանց մուտքի արտոնագրի Վրաստան կարող էին այցելել 118 երկրի քաղաքացիներ, ապա սեպտեմբերի մեկից այդ երկրների ցանկը կրճատվել է` հասնելով 94-ի: Հայաստանն այդ 94 երկրների ցանկում է եւ ՀՀ քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի կարող են այցելել Վրաստան եւ այնտեղ մնալ 90 օր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով newsgeorgia.ru-ն, նոր ցանկը կազմվել է հաշվի առնելով երկրի ստանձնած նոր ինտեգրացիոն ուղղություններն ու  կառավարության վերջերս ընդունած «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքը, որն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:

Համաձայն այդ օրենքի, այն երկրները, որոնց վրա տարածվում է վիզային ռեժիմը, Վրաստանը կտա բազմակի մուտքի վիզաներ եւ քաղաքացին իրավունք ունի 180 օրվա ընթացքում Վրաստանում մնալ 90 օր: Ոչ վիզային ռեժիմը կգործի Եվրոպական երկրների, ՆԱՏՕ եւ ԱՊՀ անդամ պետությունների, ինչպես նաեւ կարեւոր գործընկերների համար, որոնց հետ Վրաստանն ունի երկկողմ եւ բազմակողմ համաձայնագրեր: Այդ երկրների քաղաքացիները կարող են այցելել Վրաստան առանց մուտքի արտոնագրի եւ կես տարվա ընթացքում մնալ 90 օր:

Այն օտաերկրացիները, ովքեր կցանկանան այցելել Վրաստան ուսման, աշխատանքի կամ ընտանիքի անդամներին տեսակցելու համար կարող են ստանալ համապատասխան վիզա ավելի երկար ժամկետով իրենց երկրներում գործող Վրաստանի դեսպանատներում: Միաժամանակ, կգործի նաեւ կեցության իրավունքի տրամադրման պրակտիկան: Մինչ այս փոփոխությունները օտարերկրյա քաղաքացիներն առանց վիզային ռեժիմի կարող էին Վրաստանում մնալ 360 օր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am