Գերմանիայում բանկի աշխատակիցը սխալմամբ հաճախորդի հաշվին մեծ գումար է փոխանցել

Armenpress 18:29, 23 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Ֆուլդ քաղաքում բանկի աշխատակիցը սխալմամբ մեծ գումար է փոխանցել իր բաժանմունքի հաճախորդներից մեկի հաշվին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, այս մասին տեղեկացնում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bild պարբերականը:

Հաղորդվում է, որ 22-ամյա աղջկա հաշվին փոխանցվել է 3.7 միլիոն եվրո: Աղջիկն իր բանկային քարտի վրա մի ամբողջ կարողություն է հայտնաբերել: Սակայն, ինչպես պարզվել է հետագայում, այդ փողերը նա չի կարող իրեն պահել, քանի որ դա տեղի է ունեցել բանկի աշխատակիցներից մեկի սխալի հետևանքով: Ծանր աշխատանքային օրվա վերջում հոգնած աշխատակիցը դաշտում հավաքել է աղջկա հաշվեհամարի 7 նիշանոց թիվը, որտեղ պետք է գրվեր գումարի չափը և հաստատել է փոխանցումը: Բանկից տեղեկացրել են, որ 30 վայրկյան անց փոխանցումը կասեցվել է:

Նշվում է նաև, որ բոլոր դեպքերում աղջիկը չէր կարողանալու իրան պահել այդ գումարը: Իրավաբան Անդրեաս Լանգը նշել է, որ եթե նույնիսկ բանկում չնկատեին աշխատակցի սխալը և աղջիկը հասցներ հանել այդ գումարը կամ ուրիշ հաշվեհամարի փոխանցեր, ստիպված էր լինելու վերադարձնել այդ գումարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am