Քաղաքաշինության նախարարությունը մշակել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ

Armenpress 17:14, 22 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության նախարարությունը մշակել է մի շարք օրենսդրական նախաձեռնություներ: Լրագրողների հետ զրույցում, ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ ՀՀ ճարտարապետների միության հետ մշակվել է «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Մշակվել և ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել «ՀՀ-ում կառուցապատման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի փաթեթը: Նախագծի մշակման նպատակն է կառուցապատման ընթացակարգերի պարզեցման հնարավոր ռեզերվների բացահայտումը և դրանց իրավական ամրագրումը: Ավարտական փուլում է գտնվում «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը:  Բացի այդ, մշակվել և շահագրգիռ մարմիններին է ներկայացվել «ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի մշակման հիմնական նպատակն է շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ընդհանուր օգտագործման տարածքների զբաղեցման և փաստացի օգտագործման խնդրի կարգավորումը: Մինչև 2014 թվականի վերջը նախատեսվում է մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N814-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի մշակման հիմնական նպատակն է հանրապետությունում ազատ շուկայական հարաբերությունների և գործարար միջավայրի բարելավման նպատակով ընդլայնել գործող որոշմամբ սահմանված բազմակի օգտագործման կատալոգների օբյեկտների ցանկը, դրանցում ներառելով ոչ միայն բնակելի, այլև` հասարակական և արտադրական նշանակության (սննդի, առևտրի, սպասարկման և այլն) մի շարք օբյեկտներ: Մշակվել է նաև «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևանի Ադոնց փողոցի թիվ 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը:

Շինարարական գնագոյացման բնագծում առաջիկայում նախատեսվում է գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգում վերանայել տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների տոկոսաչափերը, ինչի արդյունքում ակնկալվում է բարձրացնել ոլորտում տեխնիկական և հեղինակային հսկողության աշխատանքներ իրականացնող սուբյեկտերի ծառայությունների մատուցման արդյունավետությունը, պատասխանատվությունը, որն իր հերթին կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների որակի բարելավմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am