Արցախում տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը 2014թ. առաջին կիսամյակում կազմել է 61 157 մարդ

Armenpress 12:02, 22 Օգոստոս, 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախում տնտեսապես ակտիվ բնակչության  թվաքանակն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 61 157 մարդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի սոցիալ-ժողովրդագրության և  աշխատանքի շուկայի վիճակագրության բաժնի պետ Լիլյա Պետրոսյանը:

Նույն ժամանակահատվածում զբաղվածների թվաքանակը կազմել է 58 924  մարդ, այդ թվում՝  43 684-ը կամ  74,1 տոկոսը վարձու աշխատողներ են (ներառյալ անհատ ձեռնարկատերերը), իսկ 15 240-ը կամ 25,9 տոկոսն ինքնազբաղվածներն են՝ մասնավորապես, գյուղատնտեսության բնագավառում։

Ծառայության բաժնի պետի խոսքով, հուլիսի 1-ի  դրությամբ ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության բաժնում   հաշվառման են կանգնել 2 537 չզբաղված քաղաքացիներ, որոնց 88 տոկոսն ստացել է  գործազուրկի կարգավիճակ։ Չզբաղվածների թվաքանակը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ նվազել է  16,6  տոկոսով։ Ընդ որում, աշխատանք փնտրող քաղաքացիների թվաքանակի աճ գրանցվել է Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում՝ համապատասխանաբար՝  2.1,  4.4  և 16 տոկոս, գործազուրկների թվաքանակի աճ է գրանցվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Քաշաթաղի շրջաններում, համապատասխանաբար՝  2.1 , 9.8 , 9.1  և  16 տոկոս։

Լիլյա Պետրոսյանի  խոսքով, այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված 2233 գործազուրրկներից միայն 3.9 տոկոսն է նպաստառու (նախորդ տարվա համապատասխան  ժամանակահատվածի համեմատ 290-ով կամ 76.9 տոկոսով քիչ): 2014թ.-ի առաջին կիսամյակում ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության աշխատանքի և զբաղվածության բաժին դիմած քաղաքացիներից  48-ն ապահովվել է աշխատանքով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am