Երևանյան բեսթսելեր 2/26. Վարկանիշային աղյուսակում գերակշռում են Գաբրիել Գարսիա Մարկեսի գործերը
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» հայտնի վիպակը: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը երկրորդ հորիզոնականում է: Այն օրեր առաջ նոր գրքով լույս է տեսել «Բուկինիստ» գրախանութի հրատարակությամբ:
Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը երրորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքը ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». հենց այս փիլիսոփայությունն է արծարծում այս յուրահատուկ ստեղծագործությունը:
Չորրորդ հորիզոնականում է «Ոսկե եղեգն» պետական գրական մրցանակի դափնեկիր երջանկահիշատակ Լևոն Խեչոյանի«Մհերի դռան գիրքը» վեպը, որը լույս է տեսել այս տարի: Գրողի մահից հետո այն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Գիրքն առաջին անգամ փետրվարի 28-ին ներկայացվեց հանրությանը և միանգամից ռեկորդային վաճառք արձանագրեց:
Հինգերորդ հորիզոնականն է զբաղեցնում Վահրամ Սահակյանի «Վարձու ինքնասպաններ» գիրքը: Հեղինակն իր նոր գիրքը համարում է մինչև հիմա գրածներից ամենալավը: «Վարձու ինքնասպաններ»-ում մեր ժամանակների պատմություններ են: Գիրքը մարդկանց մասին է, ովքեր տարիներ են կորցնում` փորձելով կարգավորել կյանքը, ժամանակը վատնում են նյութական արժեքներ դիզելու վրա ու չեն նկատում, որ «ինքնավերանում են»:
Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը վեցերորդ հորիզոնականում է: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: Վերջերս այն հայերեն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:
Հովիկ Վարդումյանի «Կանթեղ» ստեղծագործությունը ևս ընդգրկվել է բեսթսելերների ցանկում: Ժամանակին Հովիկ Վարդումյանը գրանցել է մեր ազգային կենսագրության, Արցախյան գոյամարտի բոլոր կարևոր դրվագները, եւ հիմա այդ գրառումները դարձել են վեպի սյուժեի հիմք: Վեպն իմաստավորում, արձանագրում ու պատմության համար պահում է մեր անցյալի մի հատվածի փաստավավերագրական նկարագիրը: Վեպի նյութը «Սուր ու խաչ» անունը կրող մարտական ջոկատի կենսագրության մի հատվածն է, որն առնչվում է ոչ միայն Արցախյան գոյամարտի, այլև լավի ու վատի, բարու ու չարի հակամարտության դաշտին: Վեպում միահյուսված են գեղարվեստական պատումը, միստիկան և վավերագրությունը: Առեղծվածային Մանուկի ծննդյան շուրջ ծավալվող իրադարձությունների զարգացմանը զուգահեռ հեղինակը կերտել է Արցախյան հերոսամարտի պատմությունը:
Գուրգեն Մահարու «Չարենց-նամե» ժողովածուն ևս ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Հայ գրականությունում չկան երկու այլ անուն, որ կապված լինեն հոգեւոր և անձնական այնպիսի ամուր կապերով, ինչպես Գուրգեն Մահարին ու Եղիշե Չարենցը: Այս ժողովածուն, ընդգրկելով 1967թ. լույս տեսած «Չարենց-նամեն», էապես տարբեր է նախկինից:
Պարույր Սևակի գործերն ամփոփող «Ականջդ բեր ասեմ» իմաստախոսությունների ժողովածուն իններորդ հորիզոնականում է: Գրքում տեղ են գտել հայրենիքին ու հայրենասիրությանը, լեզվին, արվեստին, մշակույթին, սիրուն, բնությանն ու հողին, հայ և համաշխարհային գրականության, արվեստի, գիտության ու հասարակական-քաղաքական նշանավոր գործիչներին նվիրված Պարույր Սևակի խոհափիլիսոփայական ավելի քան 1100 իմաստախոսություն:
«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության. Տաղեր» գիրքը: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկությունով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ահա արդեն մեկուկես տարի ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 +2Գաբրիել Գարսիա Մարկես
«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»
ՎԱ-ՀԱ 30 2 0Գաբրիել Գարսիա Մարկես
«100 տարվա մենություն»
Բուկինիստ 20 3 +1Գաբրիել Գարսիա Մարկես
«Սերը ժանտախտի օրերին»
Բուկինիստ 15 4 +5Լևոն Խեչոյան
«Մհերի դռան գիրքը»
Անտարես 14 5 *Վահրամ Սահակյան
«Վարձու ինքնասպաններ»
Անտարես 10 6 -5Անտուան դը Սենտ Էքզյուպերի
«Փոքրիկ իշխանը»
Անտարես 10 7 նորԳուրգեն Մահարի
«Չարենց-նամե»
Բուկինիստ 8 9 0Պարույր Սևակ
«Ականջդ բեր ասեմ»
Էդիթ Պրինտ 7 10 -3Գրիգոր Նարեկացու
«Մատյան ողբերգության.Տաղեր»
Զանգակ 7