Շորժայի բնակչությունը հանգստյան սեզոնում գրեթե կրկնապատկվել է

Armenpress 14:41, 20 Օգոստոս, 2014

ԳԱՎԱՌ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 15-ից Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում սկսվել է զբոսաշրջիկների եւ հովեկների ակտիվ հոսքը, ինչի արդյունքում մեկուկես ամիս տեւողությամբ, մինչեւ օգոստոսի վերջերը, գյուղի բնակչության թիվը գրեթե կրկնապատկվում է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շորժայի գյուղապետ Սուլիկո Շուշանյանը, օրական ավելի քան 800 մարդ զբաղեցնում են հանգստյան տները, կացարաններն ու պանսիոնատները եւ եւս 500 մարդ` հանգստյան պայմանների հարմարեցված մասնավոր բնակարանները: Համայնքի ղեկավարի կարծիքով, հովեկների եւ զբոսաշրջիկների թիվը կարող էր ավելին լինել, եթե Սեւանի մակարդակի բարձրացման հետեւանքով չջրածածկվեին լողափերը, հանգստյան գոտիներն ու կացարանները: Դրա համար այժմ գյուղապետարանը, ինչպես նաեւ տուրիզմի սպասարկմամբ զբաղվող կազմակերպությունները մտահոգված են նոր լողափերի ստեղծման, ջրածածկ տարածքները ծառերից ու մացառներից մաքրելու, նոր հանգստյան գոտիներ հիմնելու խնդիրներով: Զբոսաշրջիկների եւ հովեկների հոսքի պայմաններում Շորժայի բնակիչները ոչ միայն զբաղվում են տուրիզմի սպասարկման ոլորտում, այլ նաեւ կարողանում են իրացնել իրենց տնտեսություններում արտադրված գյուղմթերքները:

 Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am