Էլինա Դանիելյանն` օլիմպիադայում ելույթերի, չեմպիոնական մրցախաղի, շախմատում համակարգչի դերի մասին

Armenpress 10:24, 20 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը շախմատային 41-րդ օլիմպիադայում բավականին հաջող ելույթ ունեցավ և մի պահ նույնիսկ պայքարում էր մեդալների համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը, ամփոփելով արդեն անցած օլիմպիադան,  իր գոհունակությունը հայտնեց ձեռք բերած արդյունքից: Նա խոսեց նաև այս տարվա հետագա անելիքների և 2015 թվականին Հայաստանում կայանալիք աշխարհի թիմային առաջնության մասին:

-Շախմատի կանանց հավաքականի այս տարվա օլիմպիադայի արդյունքները, իսկապես, հաջող էին: Վերջնական  արդյունքով` 5-րդն  էիք, արդյոք կարելի՞ էր ավելին անել: 

-Եթե արդյունքի մասին ասեմ, ապա մեր ցույց տված արդյունքները վատ չէին: Եթե մեր  հիմնական մրցակիցների` Ռուսաստանի հավաքականի հետ խաղում կարողանայինք հաղթել, երևի թե ավելի լավ կլիներ: Սակայն ամեն ինչ չէ, որ կախված էր այդ խաղից: Ռուսների հետ խաղի ժամանակ մենք կիսում էինք երրորդ տեղը: Մեդալների համար պայքարում մեզ միայն հաղթանակ էր հարկավոր: Պարտիաների ընթացքում ունեինք հաղթելու հնարավորություն, պարզապես չստացվեց: Սակայն, ամեն դեպքում, մենք կարող էինք ավելին անել օլիմպիադայում:

-Իսկ ի՞նչը չբավականացրեց ռուսների դեմ խաղում:

-Հիմա դժվար է ասել, թե  ինչը պակասեց կամ ավելի եղավ, սակայն ցայտնոտի ժամանակ այնպիսի սխալներ ենք անում, որ հետագայում բացատրել չի լինում: Եթե իմ անունից խոսեմ, ապա ռուսների հետ պարտիան ինձ ուժասպառ արեց: Այսպես է, եթե մրցակիցն ուժեղ է, ուրեմն մրցավեճն էլ լարված է անցնում: Դու չես լարվում, երբ խաղում ես քեզանից թույլի հետ, իսկ ուժեղների հետ խաղում միշտ էլ ձգված ես:

-Հավաքականի կազմում թարմություն մտցնելու և երիտասարդներին մասնակցության  հնարավորություն տալու ժամանակը չէ՞, արդյոք:

-Իհարկե, ես միշտ կողմ եմ, որպեսզի երիտասարդներին հնավորություն տրվի, և նրանք աճեն: Ցավոք, հիմա Հայաստանում բարձրակարգ աղջիկ շախմատիստներ չկան, ովքեր կարողանան փոխարինել մեզ:

-Այս դեպքում, ինչպե՞ս ստեղծել այդ հնարավորությունը, որպեսզի  շախմատիստուհիները  կայանան:

-Դա մեկ օրվա  կամ մեկ տարվա խնդիր չէ: Դա լուրջ աշխատանք է, որը լուրջ համակարգ ստեղծելու կարիք ունի:

-Հիմա, օրինակ, շախմատը դպրոցներում հիմնական առարկա է դարձել, դա կարո՞ղ է օգնել աղջիկների շախմատի զարգացմանը:

-Ոչ, ես չեմ կարծում, թե դա կարող է հիմք դառնալ: Իմ կարծիքով, շախմատը, որպես դպրոցական  առարկա, երեխաների ընդհանուր զարգացման համար է լավ: Պրոֆեսիոնալիզմի համար, դա հիմք չի կարող լինել:

-Մի փոքր խոսենք տղամարդկանց հավաքականի ելույթների մասին…

-Մենք պարզապես միշտ սովոր ենք մեր տղաներին տեսնել լավագույնների շարքում: Չեմ կարծում, որ նրանք շատ վատ խաղացին: Պարզապես եղավ այն, ինչը եղավ: Տղաները չեն կարող միշտ առաջինը լինել: Նույնիսկ Ֆրանսիայի հետ խաղում կարիք չկար անակնկալի գալ, քանի որ Ֆրանսիան ուժեղ հավաքական ունի:

-2015 թվականին Հայաստանը կընդունի շախմատի կանանց և տղամարդկանց թիմային առաջնությունը:  Ձեզ կօգնի այն հանգամանքը, որը խաղալու եք հարազատ պատերի ներքո:

-Բարդ հարց է: Մենք շատ երկար ժամանակ է տանը պաշտոնական խաղեր չենք անցկացրել: Ընդհանրապես ասում են, որ տան պատերն օգնում են, սակայն մյուս կողմից էլ ավելի շատ պարտավորեցնում են:

-Շախմատային տարին կեզրափակվի Կարլսեն-Անանդ մրցավեճով: Ձեր կարծիքով, ո՞վ է ֆավորիտը:

-Միանշանակ` Կարլսենը: Անկախ հավակնորդների մրցաշարում Անանդի հաջող խաղից, այս մրցավեճում ևս Կարլսենը կրկին հաղթանակած դուրս կգա:

-Շախմատը քիչ-քիչ հեռանում է ստեղծագործ խաղ լինելուց, և համակարգիչը իր «ձեռագիրն» է թողնում շախմատիստների խաղի վրա: Արդյոք այս դեպքում չի՞ կորչում ստեղծագործելու հնարավորությունը:

-Իհարկե, այդ ժամանակ կորչում է ստեղծագործ միտքը, կորչում են ամեն տեսակի տվյալները: Բայց միաժամանակ,  հիմա շատ դժվար է առանց համակարգչի, դժվար է նույնիսկ պահպանել խաղամակարդակը: Եթե չափը չանցնեն, ապա համակարգիչը հիմա կարող է օգնել միայն:

-Տարին կամաց-կամաց  մոտենում  է եզրագծին, իսկ ի՞նչ պլաններ ունեք հաջորդիվ, եթե, իհարկե, գաղտնիք չէ:

-Մի քանի օրից կրկին մեկնում եմ մրցումների: Օգոստոսի 24-ին մեկնարկում է ՖԻԴԵ-ի Գրան պրիի վերջին շրջանը: Մեկնելու եմ ԱՄԷ` Շարժա: Դժվար է ասել, թե ինչ կլինի, քանի որ իրար ետևից երեք մրցաշարերի եմ մասնակցելու: Վերջին շրջանում, երբ գնում եմ մրցումների, իմ առջև հստակ նպատակներ չեմ դնում: Ամեն ինչ ցույց է տալիս մրցաշարի ընթացքը:    

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am