Երևանյան բեսթսելեր 2/24. Բեսթսելերի ցանկում միանգամից երեք նոր գիրք է հայտնվել
ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: Վերջերս այն հայերեն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:
Երկար հիվանդությունից հետո ս. թ. ապրիլի 17-ին կյանքի 88-րդ տարում վախճանված Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը երկրորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքը ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». հենց այս փիլիսոփայությունն է արծարծում այս յուրահատուկ ստեղծագործությունը:
Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը երրորդ հորիզոնականում է: Այն օրեր առաջ նոր գրքով լույս է տեսել «Բուկինիստ» գրախանութի հրատարակությամբ:
Չորրորդ հորիզոնականում է բրազիլացի ժամանակակից գրող Պաուլո Կոելյոյի «Տասնմեկ րոպե»-ն: Սա պատմություն Է Մարիա անունով մի մարմնավաճառի, նրա երազանքների, հասունացման և սիրո մասին: Այն սկսվում Է հեքիաթի պես և հեքիաթի պես Էլ ավարտվում: Անցնելով ամենատարբեր փորձությունների միջով՝ Մարիան ի վերջո հասկանում Է, որ իսկական սեռազգայական վայելքն անհնար Է առանց մարմինների և հոգիների ներդաշնակության, ինչը մարդուն կարող Է պարգևել միայն իսկական սերը:
Հինգերորդ հորիզոնականում նոր գիրք է հայտնվել: «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոն ը«Իմ ինքնակենսագրությունը» գրքում ներկայացրել է իր անցած ուղին: Սըր Ալեքս Ֆերգյուսոնն աշխարհին հայտնի է նախևառաջ որպես բրիտանական և համաշխարհային ֆուտբոլի ամենատիտղոսակիր և տաղանդավոր ֆուտբոլային մարզիչներից մեկը: «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի պաշտոնում անցկացրած 26 տարում նա բազմաթիվ մրցանակներ է նվաճել ու զարմանալի ռեկորդներ գրանցել: Այս գիրքը՝ սըր Ալեքսի ինքնակենսագրությունը, Մեծ Բրիտանիայում ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է ավելի քան 115 հազար տպաքանակով:
Վեցերորդ հորիզոնականն է զբաղեցնում «Ոսկե եղեգն» պետական գրական մրցանակի դափնեկիր երջանկահիշատակ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպը, որը լույս է տեսել վերջերս: Գրողի մահվանից հետո այն այս տարի հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Գիրքն առաջին անգամ փետրվարի 28-ին ներկայացվեց հանրությանը և միանգամից ռեկորդային վաճառք արձանագրեց:
Յոթերորդ հորիզոնականում ևս նոր գիրք է հայտնվել: Վահրամ Սահակյանն իր նոր՝ «Վարձու ինքնասպաններ» գիրքը գրել է 4 ամսում: Հեղինակն իր նոր գիրքը համարում է մինչև հիմա գրածներից ամենալավը: «Վարձու ինքնասպաններ»-ում մեր ժամանակների պատմություններ են: Գիրքը մարդկանց մասին է, ովքեր տարիներ են կորցնում` փորձելով կարգավորել կյանքը, ժամանակը վատնում են նյութական արժեքներ դիզելուն ու չեն նկատում, որ ինքնավերանում են:
Ուոլթեր Այզեքսոնի «Սթիվ Ջոբս» գիրքը ևս առաջին անգամ ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Գիրքը մեր ժամանակների մեծագույն անհատականություններից մեկի՝ Սթիվ Ջոբսի կյանքի ու գործունեության փաստառատ տարեգրությունն է՝ լեցուն ուսանելի մանրամասներով:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» գիրքն իններորդ հորիզոնականում է: Ստեղծագործությունը հեղինակի ամենանշանավոր գործերից մեկն է, նաև համարվում է աշխարհի ամենաընթերցվող վեպերից: Առաջին անգամ շարունակաբար հրատարակվել է 1890 թ. անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպագրվել է 1891-ին:
«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է Կամիլ Լըմոնյեի «Տղամարդու սերը» վեպը: Այն «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարի հերթական գիրքն է: «Տղամարդու սերը» վեպը դատավարության է ենթարկվել իր անպարկեշտ բովանդակության և արծարծած իբր անբարոյական գաղափարների համար: Այնինչ, Լըմոնյեի վեպի հերոսները ուժեղ անհատականություններ են, ովքեր ամբողջովին տրված են սիրո պարգևած կրքին՝ այրվելով նրա կրակների մեջ: Նրանք փորձում են ներդաշնակ լինել բնությանը, նրանց կյանքում գերակայում են բնազդները, իսկ ամենից շատ նրանք գնահատում են իրենց ազատությունը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 +3Անտուան դը Սենտ Էքզյուպերի
«Փոքրիկ իշխանը»
Անտարես 16 2 0Գաբրիել Գարսիա Մարկես
«Սերը ժանտախտի օրերին»
Բուկինիստ 15 3 -2,Գաբրիել Գարսիա Մարկես
«100 տարվա մենություն»
Բուկինիստ 10 4 *Պաուլո Կոելյո
«Տասնմեկ րոպե»
Գիտանք 10 5 նորԱլեքս Ֆերգյուսոն
«Իմ ինքնակենսագրությունը»
Անտարես 10 6 *Լևոն Խեչոյան
«Մհերի դռան գիրքը»
Անտարես 10 7 նորՎահրամ Սահակյան
«Վարձու ինքնասպաններ»
Անտարես 9 8 նորՈւոլթեր Այզեքսոն
«Սթիվ Ջոբս»
Անտարես 8 9 +1Օսկար Ուայլդի
«Դորիան Գրեյի դիմանկարը»
Էդիթ Պրինտ 7 10 *Կամիլ Լըմոնյեի
«Տղամարդու սերը»
Անտարես 7