Ադրբեջանական լրատվամիջոցները կախվում են փրփուրներից. տեղեկատվական խայծերը կուլ չտալու չորս խորհուրդ
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որքանո՞վ է ճիշտ ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը թարգմանել եւ առանց ստուգելու հաղորդել ընթերցողին: Տեղեկատվության տրամադրման հարցում ի՞նչ սկզբունքներ է պետք կիրառել: Ինչպե՞ս «կուլ չտալ» հակառակորդի տեղեկատվական խայծերը: Այս հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է հայկական մեդիադաշտի փորձագետների հետ ու պարզել, թե ինչ պետք է սպասել ադրբեջանական տեղեկատվական հարթակից առաջիկայում եւ լսել գնահատականներ հայկական եւ ադրբեջանական ԶԼՄ-ների աշխատանքի վերաբերյալ:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներից որպես աղբյուր միշտ էլ կարելի է օգտվել, բայց միայն ինֆորմացիան ճշտելուց հետո: «Եթե նայենք, թե ինչպիսի տեղեկատվություն են տարածել երեկ և այսօր, կտեսնենք, որ մեծ քանակությամբ նպատակաուղղված ապատեղեկատվություն են տարածում: Այս պահին պետք է շատ զգույշ լինել: Մեր լրատվամիջոցները պետք է առաջնորդվեն այն կանխավարկածով, որ Ադրբեջանը ճիշտ տեղեկատվություն չի տարածում»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը` ևս մեկ անգամ շեշտելով, որ պետք է տասնապատիկ զգոն լինել:
«Պետք է տարբերակել իրական լրատվամիջոցները սովորական լրատվական կայքերից: Բոլոր դեպքերում վստահ եմ, որ խնդրի գիտակցումը հասարակական մակարդակում կա և ինչպես ժամանակին հնարավոր եղավ հաղթահարել այդ պրոբլեմը լրատվամիջոցների աշխատանքում, այդպես էլ նույն հաջողությամբ հնարավոր կլինի հաջողություն ունենալ լրատվական կայքերի դեպքում»,-շեշտեց նա:
Դիտարկմանը , որ նմանատիպ կայքերն ավելի շատ դիտողականություն ունեն ու մտահոգությունը հենց դրանում է` Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց. «Միանշանակ, այդպես է, որովհետև այդ կայքերի այցելության աղբյուրը սոցիալական ցանցերն են, որտեղ մարդիկ գնում են կանչող վերնագրերի հետևից, սա ուղղակի դիտողականություն է, բայց լսարան չէ: Նման կայքերը, սովորաբար, լսարան չունեն, մարդիկ, ովքեր պարբերաբար մտնում ու տեսնում են, թե ինչ նյութ կա: Մինչդեռ իրական լրատվամիջոցները, բոլոր դեպքում, թելադրող դիրքերում են տեղեկատվական դաշտում` անկախ այցելուների քանակից»,-ավելացրեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Անանյանը հատկանշական համարեց հայ քաղաքագետին վերագրվող ֆեյք օգտատիրոջ էջի ստեղծումն ու դրա միջոցով ապատեղեկատվության տարածումը: Դա ուներ մի նպատակ` գլխիվայր շուռ տալ իրականությունը, որը, սակայն, չհաջողվեց: Անդրադառնալով հայկական ԶԼՄ-ների գործունեությանը` Անանյանը կարեւորեց փաստը, որ ցանկացած իրավիճակում տեղեկատվության ձեռքբերման կարեւորագույն սկզբունքը պետք է լինի հավաստիությունը: «Այս առումով էլ քաղաքական տարբեր հայացքներ ունենալը չի նշանակում, որ պետք է զոհ գնալ հիմնական սկզբունքին` հավաստիությունը: Սա այն հարցը չէ, որով պետք է ինչ-ինչ խնդիրներ լուծենք»,- ասաց Անանյանը: