ՀՀ ՊՆ 60 միլիոն դրամ պարտքը Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրի հանդեպ ուռճացված է. ՊՆ

Armenpress 21:00, 1 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի պնդումը, թե ՀՀ պաշտպանության նախարարությունը 60 միլիոն դրամ պարտք ունի ընկերության հանդեպ, ուռճացված է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պարզաբանում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:  

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի ներկայացուցիչը հուլիսի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, թե ՊՆ-ն «վերջին շրջանում միջոցառումներ է անցկացրել համալիրում և մինչ օրս չի վճարել այդ միջոցառումների արդյունքում համալիրին հատկացվելիք 60 միլիոն դրամ պարտքը»:

«Նշված 60 միլիոն դրամ գումարը ուռճացված թիվ է, որը կամայականորեն հաշվարկվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի կողմից` ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման համար»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ ՀՀ կառավարության թիվ 125 որոշմամբ սահմանված կարգի համաձայն, մեկ օրվա համար վարձավճարը հաշվարկվել է 1 մլն 713 հազար 508 ՀՀ դրամ, իսկ վարձակալության համար ՀՀ պաշտպանության նախարարությունը «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ին վճարել է 29 մլն 951 հազար 561 ՀՀ դրամ` ներառյալ ծախսված և համատեղ հանձնաժողովի կողմից արձանագրված էլեկտրաէներգիայի, բնական գազի և ջրի չափաքանակները:

Իսկ մարզահամերգային համալիրը պարտավորվել է ՄՀՀ-ի վերանորոգումից հետո` 10 տարվա ընթացքում, յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարության հայտով ապահովել համապատասխան նշանակության մինչև 5 միջոցառումների, բայց ոչ ավելի, քան 12 օր տևողությամբ, անվճար կազմակերպումը:

«Հակառակ ՄՀՀ ներկայացուցիչների պնդումների` ՀՀ պաշտպանության նախարարությունը ընկերության կրած նյութական որևէ կորուստների համար պատասխանատվություն չի կրում»,- հայտնում է ՊՆ-ն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am