Հազար ու մի եկեղեցիների քաղաք Անին լքված ու անտեսված է Թուրքիայում. ավստրալական կայքի անդրադարձը

Armenpress 14:26, 31 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալական news.com պարբերականը գեղեցիկ հոդված է նվիրել Հայոց Բագրատունիների մայրաքաղաք Անիին: Հոդվածում տեղ են գտել ավելի քան 60 հազար մշտական ընթերցող ունեցող «Yomadic» ճանապարհորդական բլոգի լուսանկարները Անիի ավերակների մասին: «Արմենպրես»-ը ներակայցնում է հոդվածն ամբողջությամբ:

Հնագույն քաղաք Անին հիմնադրվել է ավելի քան 1600 տարի առաջ և եղել է ժամանակաշրջանի աշխարհի ամենամեծ մայրաքաղաքներից մեկը: Այսօր այն ավերակ է: Տեղակայված լինելով ներկայիս Թուրքիայի արեւելյան մասում` Ստամբուլից հազարավոր կիլոմետր հեռավորության վրա, Անին կառուցվել  է առևտրական բանուկ ճանապարհների խամերուկում և 11-րդ դարում վեր ածվել ավելի քան 100 հազար բնակչություն ունեցող պարսպապատ ծաղկուն քաղաքի:

Իր ծաղկման գագաթնակետին` Հայոց թագավորության մայրաքաղաք Անին եղել է հարստության, շքեղության և ճարտարապետական ​​հրաշալիքների քաղաք: Այն հայտնի է եղել նաև որպես հազար ու մի եկեղեցիների քաղաք, իսկ նրա եկեղեցական կառույցները, արքայական պալատները և ամրոցներն իրենց տեխնիկական և գեղագիտական լուծումներով համալրել են աշխարհի առաջատար կառույցների շարքը:

Շինարարության մեջ գլխավորապես օգտագործվել է տեղական հրաբխային բազալտը, որը հեշտությամբ փորագրվում է և ունի բազմաթիվ գույներ` դեղնավունից մինչև կարմրավարդագույն և սաթի պես սև: Բագրատունիների մայրաքաղաքը և նրան շրջապատող տարածքները բազմիցս նվաճվել են Բյուզանդական կայսրերի, օսմանյան թուրքերի, քրդերի, վրացիների և ռուսների կողմից: Մինչ 1300-ական թվականները քաղաքը խոր անկում է ապրում և վերջնականապես անտերության մատնվում 1700-ականներին:

Ավելի քան 700 տարի մոռացության մատնված նրա ավերակները զոհերն են թուրք կողոպտիչների ու բարբարոսների, ովքեր փորձել են վերացնել հայոց պատմության հետքերն այդ տարածաշրջանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am