Արցախը Հայաստան է, բայց ոչ ՀՀ՝ գոնե այս պահին. ԼՂՀ վարչապետի հետ հարցուպատասխանի առանցքներից մեկը

Armenpress 18:34, 30 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի վարչապետ Արա Հարությունյանի հետ երկրորդ առցանց հարցուպատասխանի ժամանակ ստացվել է ավելի քան 60 հարց, որոնց բոլորին տրվել են պատասխաններ: Վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի տեղեկացմամբ` հարցերի թիվը խոսում է այն մասին, որ սոցիալական ցանցերի օգտատերերի մոտ պահանջարկ կա նմանատիպ շփումների նկատմամբ, իսկ վարչապետի պատասխանները ցույց են տալիս, որ ԼՂՀ կառավարությունը բաց է ցանկացած տեսակետ լսելու և քննարկելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արտակ Բեգլարյանը:

«Ավարտվեց Արցախի Հանրապետության վարչապետի հետ երկրորդ առցանց հարցուպատասխանը՝ իր հիմնական արձագանքներով հանդերձ: Կցանկանայի որպես ամփոփում՝ ներկայացնել մի քանի հիմնական կետ հատկապես քաղաքական բաժնից, իսկ մնացած պատասխաններին, համոզված եմ, դեռ անդրադառնալու առիթ կլինի: Ինչո՞ւ հենց քաղաքական պատասխաններին, քանի որ դրանցում ընդգծվել են մի քանի նշանակալի կետեր, որոնք պետք է աչքի տակ ունենալ տվյալ հարցերի և դրանց վերաբերյալ իշխանական դիրքորոշումների մասին խոսելիս: Առաջինն ընդհանուր եզրակացություն է, ըստ որի, առցանց հարցուպատասխանի ձևաչափը կարող ենք համարել հաջողված, քանի որ դրա միջոցով ոչ միայն ԼՂՀ քաղաքացիներին, այլ նաև Արցախով սրտացավ յուրաքանչյուր հայի հնարավորություն է տրվում հարցեր հղել ԼՂՀ գործադիրի ղեկավարին՝ թե՛ վերհանելու առկա հիմնախնդիրները, թե՛ առանցքային հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպելու և թե՛ ղեկավարության համար ևս մեկ առիթ ստեղծելու շոշափելու բարձրացվող հարցերի վերաբերյալ հասարակության ընկալումները, դրանց խորությունն ու խտությունը»,- ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակը:

Արտակ Բեգլարյանի խոսքով` նկատելի է, որ բոլորի հիմնական ուշադրությունը սևեռվել է Արցախի վարչապետի այն խոսքի վրա, որ «մադրիդյան սկզբունքները մեզ համար անընդունելի են»: «Իհարկե, սա քաղաքական բաժնի գլխավոր մեխն էր: Այնուամենայնիվ, չէի ասի, թե դա ընդհանուր առմամբ նորույթ էր, քանի որ պաշտոնական Ստեփանակերտը քիչ չէ խոսել այդ սկզբունքների նկատմամբ իր վերապահումների մասին: Ավելին՝ նույնիսկ նախագահի մակարդակով քանիցս նշվել է, որ եթե Արցախը բանակցությունների մաս կազմի, ապա պետք է զրոյից բանակցի հակամարտության լուծման սկզբունքների շուրջ, ինչը, բնականաբար, նշանակում է, որ չի բանակցելու ներկայումս առկա փաստաթղթի շուրջ: Այո՛, վարչապետ Արա Հարությունյանի հայտարարությունն ուղիղ տեքստով և միանշանակ էր ասված, սակայն այն չէի համարի նոր քաղաքականություն պաշտոնական Ստեփանակերտի համար»,- նշել է նա` հավելելով, որ Արցախի վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է այն իրականությունը, որ Արցախի ու Հայաստանի հանրապետությունները մեկ հայրենիք են, բայց երկու առանձին իրավական սուբյեկտներ: «Իրավական կամ քաղաքական ինչ-ինչ պատճառներով առանձնացված երկու սուբյեկտների իրավական գոյությունն ամենևին չի նշանակում միասնական հայրենիքի տարանջատում: Կարճ ասած՝ Արցախը Հայաստան է, բայց ոչ Հայաստանի Հանրապետություն՝ գոնե այս պահին: Չորրորդ` վարչապետը հերթական անգամ շեշտադրեց հայտնի ճշմարտությունը և ԼՂՀ Սահմանադրության դրույթը, այն է՝ հավասարապես Արցախի մաս են այն բոլոր տարածքները, որոնց վրա այժմ տարածվում է ԼՂՀ հանրային իշխանությունը: Ավելին՝ ազատագրված տարածքում իրագործվում են զարգացման բազմաթիվ ծրագրեր, և մեր տեսլականն այդ բնակավայրերի զարգացումն է, ոչ թե նվիրատվությունն այլ պետություններին»,- գրել է Արտակ Բեգլարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am