Էրդողանը վերադարձրել է հրեական պարգեւը

Armenpress 10:26, 30 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը պատասխանել է ԱՄՆ-ի հրեական կոնգրեսի ղեկավար Չակ Ռոսենին, ով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից պահանջել էր վերադարձնել կոնգրեսի կողմից նրան հանձնված «Խիզախության համար» մեդալը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը:

«Մենք հաճույքով կվերադարձնենք 2004 թ. ձեր հանձնած պարգեւը», -ասվում է պատասխանում:

Կոնգրեսի կողմից պարգեւը հետ վերադարձնելու պահանջի պատճառը Գազայի վրա հարձակումների համար Իսրայելին ուղղված Էրդողանի քննադատությունն ու դրա հետ կապված խիստ արտահայտություններն են:

Կոնգրեսը հայտարարել էր, որ Իսրայելի հետ կապված Էրդողանի արտահայտությունների համար աշխարհում նա ճանաչվում է որպես հրեաներին ատող անձ եւ դրա համար էլ պետք է պարգեւը վերադարձնի:

2004 թվականին Ամերիկայի հրեական կոնգրեսի պարգեւը Էրդողանին տրվելու պատճառը վերջինիս կողմից Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ խաղաղության կայունացմանն ուղղված ջանքերն ու Թուրքիայում հրեաների պաշտպանությունն էր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am