Հեֆֆերնը լիահույս է շարունակել համագործակցությունը Տիգրան Սարգսյանի հետ

Armenpress 11:59, 29 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը լիահույս է շարունակել համագործակցությունը Տիգրան Սարգսյանի հետ` Վաշինգտոնում Հայաստանի դեսպանի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասաց ԱՄՆ դեսպանը:

Հարցին ի պատասխան` թե արդյոք Տիգրան Սրագսյանն ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու լավագույն թեկնածուն էր, դեսպան Հեֆֆերնը նշեց, որ յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում իր դեպսաններին, ովքեր ներկայացնում են այդ երկիրն արտասահմանում: «Մենք երկար տարիներ աշխատել ենք պարոն Սարգսյանի հետ, երբ նա վարչապետ էր և համոզված եմ, որ կկարողանանք շարունակել նրա հետ համատեղ աշխատանքը նաև Վաշինգթտնում Հայաստանի դեսպանի պաշտոնում»,- ասաց դիվանագետը:

Հունիսի 26-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Տիգրան Սարգսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Նախագահի մեկ այլ հրամանագրով` Տիգրան Սարգսյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն): Թաթուլ Մարգարյանն ազատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am