Բարձր մակարդակի հանդիպումները և երկխոսությունն առանցքային են ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար. Ջոն Հեֆֆերն

Armenpress 10:44, 29 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար կա միայն մեկ` խաղաղ բանակցությունների ճանապարհ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը` պատասխանելով ադրբեջանական դիվերսիոն գործողությունների և հայկական գյուղերի վրա կատարվող հարձակումների մասին լրագրողների հարցին:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը խստիվ քննադատում է ռազմատենչ հռետորաբանությունը և դատապարտում է հրադադարի խախտումները: Ես իմ ցավակցությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժում են շփման գծում և սահմանին տեղի ունեցող միջադեպերի հետևանքով: Պետքարտուղար Քերին վերահաստատել է մեր դիրքորոշումն այս հակամարտության խաղաղ բանակցային լուծումն ապահովելու ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի հարցում մենք շարունակում ենք աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ: Շարունակելու ենք հորդորել կողմերին որքան հնարավոր է հաճախակի հանդիպումներ ունենալ, հարցերը միասին քննարկել, և հույս ունենք` մոտ ապագայում նախագահների հանդիպում տեղի կունենա, որի միջոցով հնարավոր կլինի փոխել իրավիճակը»,- ասաց ամերիկացի դիվանագետը:

Հեֆֆերնը վերահաստատեց, որ բարձր մակարդակի հանդիպումները` կարևոր, իսկ երկխոսությունը` առանցքային նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար:

Անցած շաբաթ` հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերն, Ադրբեջանն Արցախում հետախուզադիվերսիոն հարձակում է կազմակերպել, որը հայկական զինուժի ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղել: Հայկական կողմը տվել է 1 զոհ, 2 վիրավոր: Նույն գիշերն ադրբեջանական ստորաբաժանումները կրակել են նաև ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ: Բարեբախտաբար, հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: Դրանից երկու օր առաջ` հուլիսի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ` խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության, բռնությունների սրացման, այդ թվում` հայ-ադբեջանական սահմանին և ԼՂ շփման գծում խաղաղ բնակիչների սպանությունների վերաբերյալ: Համանախագահները հորդրոել էին արել կողմերին դժբախտ իրավիճակներից խուսափելու հանձնառություն ստանձնել և զերծ մնալ դիտավորյալ հարձակումներից գյուղերի և խաղաղ բնակիչների վրա: Երկու երկրների ԱԳ նախարարներին նաև կոչ էր արվել մեղմել ստեղծված լարվածությունը և հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պայմաններին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am