Հարյուր տարի առաջ՝ հուլիսի 28-ին, սկսվեց հայ ժողովրդի համար աղետալի Առաջին համաշխարհային պատերազմը

Armenpress 11:46, 28 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հակամարտություններից մեկն՝ Առաջին համաշխարհային պատերազմը, սկսվեց 100 տարի առաջ՝ 1914 թվականին, հենց հուլիսի 28-ին: Պատերազմին ներգրավվեց այն ժամանակ գոյություն ունեցող երկրներիի մեծ մասը:

Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել տերությունների 2 խմբավորումների՝ գերմանա-ավստրիական (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, 1915-ից՝ նաև Բուլղարիա) և Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Սերբիա, 1917 -ից՝ ԱՄՆ) միջև: Պատերազմն ավարտվել է Անտանտի հաղթանակով, և փլուզվել են Ավստրո-Հունգարական, Օսմանյան, Ռուսական, Գերմանական կայսրությունները, իսկ աշխարհի պետությունների թիվը 59-ից հասել է 71-ի:

Պատերազմի նպատակն աշխարհը վերաբաժանելն էր, դրա քաղաքական քարտեզը վերաձևելը: Անգլիան ծրագրել էր կործանել իր ամենավտանգավոր մրցակցին՝ Գերմանական կայսրությունը, Թուրքիայից զավթել Միջագետքն ու Պաղեստինը, ամրանալ Եգիպտոսում և պահպանել իր գաղութային կայսրությունը: Ֆրանսիան ուզում էր վերադարձնել 1871 թ-ին Գերմանիայի գրաված Էլզասն ու Լոթարինգիան և զավթել Սաարի ածխի ավազանը: Գերմանիան ձգտում էր պարտության մատնել Անգլիային, Ֆրանսիային, Բելգիային ու Հոլանդիային, զավթել նրանց գաղութները, մասնատել Ռուսաստանը: Ավստրո-Հունգարիան մտադիր էր զավթել Սերբիան ու Չեռնոգորիան, իսկ Ռուսաստանը ցանկանում էր գրավել Գալիցիան ու Արևմտյան Հայաստանը, կործանել Օսմանյան կայսրությունը, նվաճել Բոսֆոր և Դարդանել նեղուցները, դուրս գալ Միջերկրական ծով: Թուրքիան որոշել էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանի Ատրպատական նահանգը, Միջին Ասիան և իրագործել իր պանթուրքական ծրագիրը:

Առաջին աշխարհամարտի սկսվելու առիթը Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն էր սերբ ազգայնականների կողմից՝ 1914 թ-ի հունիսի 28-ին Սարաևոյում: Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային: Ռուսաստանը զորահավաք սկսեց: 1914թ-ի օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին՝ Ֆրանսիային: Գերմանական զորքերը Բելգիայի տարածքով հարձակվեցին Ֆրանսիայի վրա: Պահանջելով չխախտել Բելգիայի չեզոքությունը՝ օգոստոսի 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային: Հոկտեմբերի 29-ին գերմանա-ավստրիական խմբավորմանը միացավ Թուրքիան: Կամաց-կամաց սկսեց ավելանալ պատերազմի մասնակիցների թիվը՝ աշխարհի 59 պետություններից պատերազմին մասնակցում էր 38-ը: Ռազմական գործողություններն ընթանում էին մոտ մեկ տասնյակ վայրերում: 1914 թ-ի ամենամեծ ճակատամարտը տեղի է ունեցել Մառն և Էն գետերի շրջանում, որտեղ 2 կողմից մասնակցեց 1,5 մլն մարդ, զոհվեց և վիրավորվեց 600 հազարը: Կովկասյան ռազմաճակատում 1914 թ-ի դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ-ի հունվարի 5-ը Սարիղամիշի մոտ ռուսական բանակը գլխովին ջախջախեց թուրքական 90 հազարանոց զորքը, իսկ Թուրքիայի ռազմական նախարար Էնվեր փաշան հազիվ խուսափեց գերեվարվելուց: Ռուսները թուրքերին վտարեցին նաև Իրանի Ատրպատական նահանգից: 1915 թ-ի մայիսին ռուսները հայ կամավորական ջոկատների աջակցությամբ գրավեցին Վանը: Սակայն հուլիսին ռուսական բանակը ժամանակավորապես թողեց հայկական տարածքները, որը ճակատագրական եղավ արևմտահայության համար:

1916 թ-ին Գերմանիան խոշոր հարձակում ձեռնարկեց Վերդենի շրջանում (Արևմտյան ճակատ), որտեղ կողմերը վճռական հաջողության չհասան: «Վերդենյան մսաղացում» հակառակորդները տվեցին մոտ 1,5 մլն զոհ: Կովկասյան ճակատում ռուսական զորքերը, հաջող հարձակում ձեռնարկելով, 1916 թ-ին գրավեցին Էրզրումը, Երզնկան, Մամախաթունը, Տրապիզոնը, Բիթլիսը և այլ տարածքներ՝ հասնելով Սեբաստիայի վիլայեթ:

Առաջին աշխարհամարտում ամայացվում էին ընդարձակ տարածքներ և նույնիսկ երկրներ: Սերբիայի բանակը, միայնակ մնալով թշնամական ուժերի դեմ, գլխովին ջախջախվեց: Սերբ ժողովուրդը ենթարկվեց բազում տառապանքների. նրա զգալի մասը հեռացավ հայրենիքից: Աշխարհամարտի ամենասև էջը Հայոց Մեծ եղեռնն էր: Ցեղասպանության ենթարկվեցին նաև Օսմանյան կայսրության այլ ժողովուրդներ՝ հույները, ասորիները և ուրիշներ:

1918 թվականի նոյեմբերի 11-ին, Կոմպիենի զինադադարով, Գերմանիան անձնատուր եղավ, և ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց 4 տարի 3 ամիս և 10 օր: Սպանվեց մոտ 10 մլն, վիրավորվեց և խեղանդամ դարձավ 20 մլն մարդ: Վնասը միջին հաշվով կազմեց գլխավոր մասնակից երկրների ազգային հարստության 1/3-ը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am