Boeing-ի կործանման վայրում գտել են նոր մարմիններ եւ ինքնաթիռի կմախքի մեծ հատվածամաս

Armenpress 15:16, 25 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մալայզիական ավիաուղիներ» ընկերության Boeing-777 ինքնաթիռի կործանման վայրում գտել են զոհված մարդկանց նոր մարմիններ եւ ինքնաթիռի կմախքի մի մեծ հատվածամաս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 25-ին հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը՝ հղում անելով ավստրալական ABC հեռուստաալիքի կայքին:

«Ուկրաինայի արեւելքում Boeing-ի ընկնելուց ավելի քան մեկ շաբաթ հետո քննիչները գտել են «Մալայզիական ավիաուղիներ» ընկերության MH17 ինքնաթիռի՝ ավելի վաղ չհայտնաբերված մի հատվածամաս եւ մարմիններ»,-ասված Է հաղորդագրության մեջ: 

Նշվում Է, որ այժմ քննիչները հատուկ սարքավորումներ չունեն զոհվածների մարմնամասերի հետ աշխատելու համար:

ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Բոցյուրկիվը նաեւ հայտարարել Է, որ կործանման վայրից բոլոր զոհվածների մարմնամասերը հավաքելու համար, հավանաբար, հարկ կլինի շատ մանրազնին որոնում անցկացնել:

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտնել է, որ երկիրը 40 անզեն ոստիկան է ուղարկում Ուկրաինայի արեւելք մալայզիական ինքնաթիռի կործանման վայրը հսկելու համար: Անզեն ոստիկանների խնդիրը, տարածքի պահպանումից բացի, լինելու է դիակների որոնման գործին օգնելը, հավելել է Ռյուտեն: Հոլանդացի մի խումբ քննիչներ եւ փորձագետներ այժմ գտնվում են Կիեւում: Ոստիկանության ուղեկցությամբ քննիչներն ու փորձագետները կուղեւորվեն օդանավի անկման վայր:

Ամստերդամից Քուալա Լումպուր թռչող MH17 չվերթը հուլիսի 17-ին կործանվել է Դոնեցկի մարզի Գրաբովո ավանի մերձակայքում: Ընդամենն ինքնաթիռում եղել է 298 մարդ, որոնք բոլորն էլ զոհվել են: Նրանցից 193-ը Նիդեռլանդների բնակիչներ էին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am