Երևանյան բեսթսելեր 2/22. Մարկեսի երկերը շաբաթվա ամենավաճառված ստեղծագործություններն են
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է երկար հիվանդությունից հետո ապրիլի 17-ին կյանքի 88-րդ տարում վախճանված կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքը ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». հենց այս փիլիսոփայությունն է արծարծում այս յուրահատուկ ստեղծագործությունը:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպն այս շաբաթ երկրորդ հորիզոնականում է: Այն օրեր առաջ նոր գրքով լույս է տեսել «Բուկինիստ» գրախանութի հրատարակությամբ:
Մարկեսի մեկ այլ`«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» հայտնի վիպակը երրորդ հորիզոնականում է: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում:
Չորրորդ հորիզոնականում է Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: Այն վերջերս լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:
Իրանահայ արձակագիր և թարգմանիչ Զոյա Փիրզադի «Ինչպես բոլոր երեկոները» պատմվածքների ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է: Փիրզադը կյանքի իմաստը փնտրում է մարդկային առօրյա հարաբերություններում, առտնին հոգսերում և ուրախություններում: Նա փորձում է շրջապատող աշխարհը ճանաչել չնչին ու աննշմարելի թվացող մանրուքների մեջ: Նրան համարում են մանրամասնի, պարզության, կանացի նուրբ հոգեբանության մեծ վարպետ: Գրականություն է բերել իրականությունը պատկերելու նոր լեզու, նոր խոսք, նոր թեմատիկա, պատկերավորման նոր միջոցներ, պատումի կառուցման նոր ձև ու եղանակ: Փիրզադն առաջիններից մեկն էր, որ իրանական ժամանակակից գրականությունը դուրս բերեց երկրի սահմաններից ու ճանաչելի դարձրեց աշխարհին:
Գուրգեն Մահարու «Չարենց-նամե» ժողովածուն ևս ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Հայ գրականությունում չկան երկու այլ անուն, որ կապված լինեն հոգեւոր և անձնական այնպիսի ամուր կապերով, ինչպես Գուրգեն Մահարին եւ Եղիշե Չարենցը: Այս ժողովածուն, ընդգրկելով 1967թ. լույս տեսած «Չարենց-նամեն», էապես տարբեր է նախկինից:
Գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը յոթերորդ հորիզոնականում է: Այն տպագրության առաջին իսկ օրվանից արժանացավ ընթերցողների ուշադրությանը: Վեպը ներկայացնում է տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմությունը, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացմամբ: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են Հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրները:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» գիրքը վարկանիշային աղյուսակի ութերորդ հորիզոնականում է: Ստեղծագործությունը հեղինակի ամենանշանավոր գործերից մեկն է, նաև համարվում է աշխարհի ամենաընթերցվող վեպերից: Առաջին անգամ շարունակաբար հրատարակվել է 1890 թ. անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպագրվել է միայն 1891-ին:
Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» է, որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:
«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է Գրիգոր Նարեկացու` «Նաիրի» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության» գիրքը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1
+6
Գաբրիել Գարսիա Մարկես
«Սերը ժանտախտի օրերին»
Բուկինիստ 28 2 +1Գաբրիել Գարսիա Մարկես
«100 տարվա մենություն»
Բուկինիստ 25 3 +1Գաբրիել Գարսիա Մարկես
«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»
ՎԱ-ՀԱ 20 4 +5Անտուան դը Սենտ Էքզյուպերի
«Փոքրիկ իշխանը»
Անտարես 19 5 -4Զոյա Փիրզադ
«Ինչպես բոլոր երեկոները»
Էդիթ Պրինտ 10 6 -1Գուրգեն Մահարի
«Չարենց-նամե»
Բուկինիստ 7 7 *Բերնհարդ Շլինկ
«Ընթերցողը»
Զանգակ 7 8 +2Օսկար Ուայլդ
«Դորիան Գրեյի դիմանկարը»
Էդիթ Պրինտ 6 9 -1Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
«Մեծն Գեթսբին»
Զանգակ 6 10 -8Գրիգոր Նարեկացի
«Մատյան ողբերգության»
Նաիրի 5Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
- «Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մարտ,
2024
- Հայաստանի վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության
նախարարին
- «Երևանյան բեսթսելեր»․ «Ջունգլիների գիրքը» ՝ առաջատար. մանկական.
փետրվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Ատոմային սովորություններ» գիրքն ՝ առաջատար.
փաստավավերագրական, հունվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Բվիկ Բուուի արկածները» ՝ առաջատար. մանկական.
հունվար, 2024