Սեպտեմբերի 3-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Լատվիայի ընտրանու հետ

Armenpress 11:50, 22 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև կայացած պայմանավորվածության համաձայն` սեպտեմբերի 3-ին Լատվիայում տեղի կունենա ընկերական հանդիպում Լատվիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՖՖ մամուլի ծառայությունից, հանդիպման անցկացման կոնկրետ վայրը, ժամը, ինչպես նաև տոմսերի հետ կապված տեղեկությունները կհայտարարվեն ավելի ուշ:

Լատվիա-Հայաստան հանդիպումը կլինի Հայաստանի ազգային հավաքականի վերջին փորձամրցումը ԵՎՐՈ-2016-ի որակավորման փուլի՝ սեպտեմբերի 7-ին կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումից առաջ:

Ավելացնենք, որ երկու երկրների ազգային հավաքականները մինչ այս հանդիպել են ընդամենը մեկ անգամ: 2009 թ. փետրվարի 11-ին Կիպրոսի «Ցիրիոն» մարզադաշտում տեղի ունեցած ընկերական հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:

Ավելի վաղ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հաղորդել էր, թե սեպտեմբերի 3-ին Հայաստանի ազգային թիմն ընկերական հանդիպում է անցկացնելու Իրաքի հավաքականի հետ: Այնուհետև այդ լուրը հեռացվել էր ՖԻՖԱ-ի կայքից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am