Հայաստանից արտահանումն ասիական երկրներ ավելացել է

Armenpress 11:05, 22 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառոթյան մեջ ավելացել է ասիական պետություններին բաժին ընկնող արտահանման և ներմուծման ծավալը: 2014 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից Ասիա արտահանման ծավալը կազմել է 216 մլն 26 hազար ԱՄՆ դոլար, այնինչ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմում էր 166 մլն 547 հազար դոլար: Ասիական երկրներից ներմուծման ծավալը ևս ավելացել է` կազմելով 670 մլն 197 հազար դոլար, մինչդեռ նախորդ տարի ներմուծման ծավալը 623 մլն 794 հազար դոլար էր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալների համաձայն` ընթացիկ տարվա առաջին 6 ամիսներին զգալիորեն նվազել է ԱՊՀ և Եվրամիության երկրների հետ առևտրաշրջանառության ծավալը: Մասնավորապես, դեպի ԱՊՀ երկրներ արտահանման ծավալը կազմել է 155 մլն 606 հազար դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 171 մլն 909 հազար դոլարի փոխարեն:

ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալը հունվար-հունիս ամիսներին կազմել է 629 մլն 311 հազար դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 638 մլն 30 հազար դոլարի փոխարեն:

Դեպի Եվրամիության երկրներ արտահանման ծավալն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կազմել է 233 մլն 167 հազար դոլար, այնինչ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել էր 250 մլն 559 հազար դոլար: Ներմուծման ծավալը տարվա առաջին կեսին կազմել է 534 մլն 58 հազար դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 539 մլն 960 հազար դոլարի փոխարեն:

Արտահանման ծավալը դեպի ամերիկյան մայրցամաքի երկրներ ևս կրճատվել է: 2014 թվականի առաջին կիսամյակում արտահանման ծավալը կազմել է 84 մլն 571 հազար դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 91 մլն հազար դոլարի փոխարեն, իսկ ներմուծման ծավալը կազմել է 134 մլն 345 հազար դոլար` նախորդ տարվա 151 մլն 513 հազար դոլարի փոխարեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am