«Աֆրիկյանների տուն» հուշարձանը կտեղափոխվի «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս

Armenpress 17:56, 14 Մայիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը հանդես է եկել  վերջին օրերին «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքին վերաբերյալ շրջանառվող տարաբնույթ տեղեկությունների պարզաբամամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզաբանման մեջ ասված է.

«Վերջին օրերին զանգվածային որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում արծարծվող «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքին վերաբերող տարաբնույթ քննարկումների և անհիմն եզրահանգումների առնչությամբ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիմնական միջոցառումների իրականացման նպատակով, ըստ Կենտրոն վարչական շրջանի համար մշակված գոտիավորման նախագծի, նախատեսվում է Երևանի Տերյան փողոցը և նույն փողոցի շարունակություն հանդիսացող Զաքիյան փողոցը միացնել միմյանց:

Նշված տրանսպորտային հանգույցի լուծումը կարևորագույն խնդիր է մայրաքաղաքի փոքր կենտրոնի Ճանապարհային ցանցի կարգավորման համար։ Տերյան փողոց 11 հասցեում տեղակայված «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը շուրջ 4 մետրով գտնվում է փողոցի երթևեկելի մասում՝ դրանով իսկ խախտելով կառուցապատման գիծը։

ՀՀ կառավարության դեռևս 07.10.2004թ. հ.1616-Ն որոշմամբ նշված հուշարձան շենքն ընդգրկվել է Երևան քաղաքի տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում։

Վերը նշված քաղաքաշինական խնդիրների լուծման նպատակով, որոշվել է հուշարձան շենքը տեղափոխել Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում նախատեսվող «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս, ըստ որի, շինության ապամոնտաժման և «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամասում այն վերականգնելու նպատակով, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից համաձայնեցվել է նախագիծ և տրվել համապատասխան թույլտվություն»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am