Գարեգին Բ կաթողիկոսը Վատիկանում հանդիպել է հանգստի անցած Բենեդիկտոս 16-րդ Պապի հետ

Armenpress 13:13, 9 Մայիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկան կատարած եղբայրական այցի շրջանակներում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ունեցել է մի շարք հանդիպումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգից, այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր առանձնազրույց է ունեցել հանգստի անցած Բենեդիկտոս 16-րդ Պապի հետ: Վեհափառ Հայրապետը նաև հանդիպել է Վատիկանի Պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի, Քրիստոնեական միության ջատագովման պապական խորհրդի նախագահ Կարդինալ Կուրտ Կոխի և Արևելյան Եկեղեցիների կոնգրեգացիայի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրիի հետ:

Նորին Սրբությունը պատվիրակության ուղեկցությամբ այցելել է նաև Ս. Պետրոսի տաճար, ապա Կաթոլիկ Եկեղեցու կողմից օրեր առաջ սրբադասված Հովհաննես ԻԳ և Հովհաննես Պողոս Բ պապերի շիրիմներին: Աղոթք է կատարվել Հայոց Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետին նվիրված արձանի առջև: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am