Արարատի մարզում գործատուների մոտ զբաղվածների ընդհանուր թիվը կազմում է 98191 մարդ

Armenpress 10:32, 25 Ապրիլ, 2014

ԱՐՏԱՇԱՏ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի զբաղվածության կենտրոնում գրանցված գործազուրկների թիվը նախորդ եռամսյակի ամփոփ տվյալներով 3112 մարդ է, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 312 մարդով: Ինչպես «Արմենպրես»-ին տղեկացրեց «Զբաղվածություն պետական ծառայություն» գործակալության Արտաշատի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Վաչիկ Ավետիսյանը, կենտրոնում աշխատանք փնտրող քաղաքացիների թիվը կազմում է 3389 մարդ: Նրանց թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 759 մարդով, սակայն, համեմատելով երեք տարի առաջ ունեցած տվյալների հետ, նրանց թիվը նվազել է 1200-ով: Ի դեպ, գործազուրկները եւ աշխատանք փնտրողները մարզում հիմնականում բանվորներ եւ բժշկական ուսումնարանն ավարտած քաղաքացիներ են: Հաշվետու եռամսյակի ընթացքում գործազուրկների աճը հիմնականում պայմանավորված է Կենտրոնում արտերկրից նոր վերադարձած միգրանտների հաշվառմամբ` նրանց հետ որոշ աշխատանքներ, ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:

Մարզի զբաղվածության կենտրոններից տարբեր պատճառներով հաշվառումից դուրս է եկել 232 մարդ: Ավետիսյանի խոսքով, նրանցից 75-ը հաշվառումից դուրս է եկել աշխատանքի տեղավորման պատճառով, մնացյալը` թոշակի անցնելու, բնակավայրը փոխելու, վեց ամսվա ընթացքում կենտրոն չներկայանալու եւ այլ պատճառներով: 

Կենտրոնի տնօրենի խոսքով, տնտեսության տարբեր ոլորտներում կրճատումներին զուգահեռ, մարզում նկատվում է նաեւ աշխատանքի տեղավորման գործընթաց, որը, սակայն, չի նպաստում գործազրկության մակարդակի կտրուկ նվազմանը, քանի որ մարզի գործատուները շարունակում են կրճատումները, լուծարումները եւ գործունեության դադարեցումները:

Ներկայումս մարզի տարածքի գործատուների մոտ զբաղվածների ընդհանուր թիվը կազմում է 98191 մարդ. պետական հատվածում` 20930 մարդ, ոչ պետական հատվածում` 77041 մարդ եւ հասարակական կազմակերպություններում` 224 մարդ: Ըստ ոլորտների նրանք բաշխված են հետեւյալ կերպ. գյուղատնտեսության ոլորտ` 59249, արդյունաբերություն` 17148, շինարարություն` 1140, տրանսպորտ եւ կապ` 400, առեւտուր եւ հանրային սնունդ` 3507, կրթության, արվեստի եւ մշակույթի ոլորտ` 7218 մարդ եւ այլն: 

Լիլիթ Մաճկալյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am