ՍԴՀԿ Հայաստանի վարչությունն ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Armenpress 10:37, 24 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը հայտարարություն է տարածել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՍԴՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված է.  

«Սիրելի հայրենակիցնե՛ր, այսօր՝ ապրիլի 24-ին, լրանում է մարդկության պատմության ամենազազրելի հանցագործություններից մեկի` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը: Մեկ և կես միլիոն հայեր զոհ գնացին Թուրքիա պետության յաթաղանին միայն և միայն իրենց ազգային պատկանելության պատճառով: Թուրքիան սպանեց մեր հայրենակիցներին, ունեզրկեց և հայրենազուրկ դարձրեց միլիոնավոր հայորդիների: Չնայած իրականացրած նախադեպը չունեցող  հանցագործությանը, ժամանակակից Թուրքիան՝ իբրև Օսմանյան կայսրության անմիջական իրավահաջորդ, չի ընդունում տեղի ունեցածը, ավելին, շրջափակման մեջ է պահում Հայաստանը, մշտապես սպառնալիք հանդիսանում մեր երկրի անվտանգությանը: Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը նաև միջազգային ասպարեզում՝ ամեն անգամ մեր ժողովրդի դեմ մոգոնելով նորանոր դավեր:

Այս իրավիճակում, սակայն, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, որ 127 տարի ի վեր պայքարում է Թուրքիայի հայահալած քաղաքականության դեմ, վստահ է, որ վաղ թե ուշ պաշտոնական Անկարան առերեսվելու է իր իսկ պատմության հետ, դատապարտելու և հատուցելու է իր նախնիների կատարած բոլոր հանցանքների համար:

ՍԴՀԿ-ն վերահաստատում է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են փոխվել միայն այն պարագայում, երբ Թուրքիան ընդունի ցեղասպանության անժխտելի փաստն ու պատասխան տա բոլոր զազրելի արարքների համար: Հակառակ պարագայում, բովանդակ աշխարհով մեկ Հայ Դատը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am