Հայաստանում Հայոց ցեղասպանությունը վերապրողի կենսաթոշակ է ստանում 39 անձ

Armenpress 09:37, 24 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում կենսաթոշակ է ստանում ցեղասպանություն վերապրած 39 կենսաթոշակառու: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանն  «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ մարտի տվյալների համաձայն`  Հայաստանում կենսաթոշակ է ստանում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը վերապրած 39 անձ, նրանցից 25-ը կին է, 14-ը տղամարդ:

Շահբեկյանը նշեց, որ բացառված չէ, որ Հայաստանի տարածքում լինեն անձինք, ովքեր չեն ստանում կենսաթաշակ, սակայն   նույնպես ցեղապանությունը վերապրած են: Դրանցից մեկը` Արմավիրի մարզի Պտղունք գյուղում բնակվող 1910 թվականին ծնված Խաչիկ Պեպիսյանն է:

Համաձայն «Արմենպրես» լրատվական գործակալության Հայոց ցեղասպանության «Ականատես»-ը հատուկ նախագծի մեկամյա գործունեության արդյունքում ստացված տեղեկատվության` Արմավիրի մարզում  ցեղասպանությունը վերարապրածների թիվն ամենից շատն է, իսկ  ճնշող մեծամասնության հայրենիքը  պատմական Մուսա լեռն է: Երևանում բնակվում  է ցեղասպանությունը վերապրած տասը անձ:

2011 թվականի տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում բնակվում էր 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը վերապրած 141 անձ: Նրանցից 109-ը կին էր, 32-ը` տղամարդ: Դրանից երեք տարի առաջ հանրապետությունում Հայոց ցեղասպանությունը վերապրածների թիվը 250 էր:

Հայաստանի Հանրապետության կառավարության «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին իրավական ակտի 53-րդ կետի համաձայն մինչեւ 1915 թվականը (ներառյալ) Արեւմտյան Հայաստանում եւ օսմանյան Թուրքիայի այլ վայրերում ծնված, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին վճարվում է նշանակված (վերահաշվարկված) կենսաթոշակի 150 տոկոսը: 2006 թվականից նոյեմբերից Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչեւ 1915թ. (ներառյալ) ծնված եւ Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց կենսաթոշակին տրվող հավելման չափը սահմանվել է 25 հազար դրամ` նախկին 5 հազար դրամի փոխարեն: ՀՀ կառավարության որոշմամբ` Հայոց ցեղասպանությունը վերապրած կենսաթոշակառուների համար արտոնյալ պայմաններ են ստեղծված:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am