Գեղարքունիքում աշնանացան ցորենի ցանքերն անվնաս են ձմեռել

Armenpress 21:52, 23 Ապրիլ, 2014

ԳԱՎԱՌ,  22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում արդեն մի քանի օր է, ինչ տաք եղանակ է դիտվում նաեւ գիշերային ժամերին, ինչը երկրագործներին հույս է ներշնչում առ այն, որ աշնանացան ցորենի ցանքերին սպառնացող ցրտահարության վտանգները մնացել են հետեւում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունում, ավելի քան 20 հազար հեկտար կազմող աշնանացան ցորենի ցանքերն ամբողջությամբ անվնաս են ձմեռել եւ ապրիլի ընթացքում ծլարձակել` նախապատրաստվելով թփակալման: Այժմ տնտեսությունները ցանքերում ազոտական պարարտանյութով իրականացնում են սնուցման աշխատանքներ: Աշնանացան ցանքերում ձմռանը գրեթե բացակայել է բավարար ձնածածկույթը, մարտին եւ ապրիլին սպառնացել է անկայուն եւ ցուրտ եղանակը, սակայն ամեն ինչ երկրագործների համար բարեհաջող  ընթացք է ունեցել:

Մասնագետների կանխատեսմամբ` աշնանացանի ցանքերը միանգամայն կենսունակ են հետագա աճի եւ զարգացման համար:

 

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am