Ստեղծվել է Արարատի մարզպետին կից երիտասարդական խորհուրդ

Armenpress 10:26, 23 Ապրիլ, 2014

ԱՐՏԱՇԱՏ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ մեկ ամիս է, ինչ Արարատի մարզում ստեղծվել է մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդ: Այն նպատակ ունի համայնքներում աջակցելու եւ խթանելու երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը, հանրային կյանքի տարբեր բնագավառներում երիտասարդների մասնակցության ակտիվացմանն ու երիտասարդական կազմակերպությունների գործուներությանը նպաստելը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Էլլա Սարգսյանը, արդեն ընտրված է խորհրդի 34- հոգիանոց կազմը` մարզի 17 համայնքներից երկուական ներկայացուցիչ: Ընտրված համայնքներն, ըստ կարգի, պետք է ունենան 3500 եւ ավելի բնակիչներ:

Երիտասարդական խորհուրդը խորհրդակցական մարմին է: Ըստ կանոնակարգի, նիստերը պետք է գումարվեն երեք ամիսը մեկ անգամ: Խորհրդի նախագահն է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

Հանրապետության մարզերում երիտասարդական խորհուրդները ձեւավորվել են ՀՀ վարչապետի 2014 թվականի փետրվարի որոշմամբ: Դրանք իրենց առջեւ խնդիր ունեն  մարզերում երիտասարդական քաղաքականության գնահատմանն ու մարզպետների համապատասխան աջակցությանը ներկայացնելը, երիտասարդության հարցերին առնչվող պետական, մարզային եւ համայնքնային մարմինների համագործակցության ապահովմանը, երիտասարդների,այդ թվում` ազգային փոքրամասնությունների հոգեւոր եւ ֆիզիկական զարգացմանը, ազգային գիտակցության բարձրացմանը, հայրենասիրական, ազգային, հոգեւոր-մշակութային արժեքների բարձրացմանը:

Լիլիթ Մաճկալյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am