Ազգային պատկերասրահը կհուրընկալի Բրունո Բրունիի աշխատանքները

Armenpress 18:38, 22 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պատկերասրահում ապրիլի 26-ից մինչև հունիսի 2-ը կներկայացվի իտալացի արվեստագետ Բրունո Բրունիի աշխատանքների հետահայաց  ցուցահանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՊ հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառումը  կազմակերպվում է ՀՀ Նախագահի և Հայաստանում Իտալիայի դեսպանության հովանու ներքո:

Բրունո Բրունին ծնվել է Գրադարայում` Իտալիայի Պեզարո և Ուրբինո շրջանում: Այնուհետև տեղափոխվել է Համբուրգ և ընդունվել Գեղեցիկ արվեստների ակադեմիա (Hochschule für bildende Künste):

1970-ական թվականներին Բրունին հայտնի է դառնում միջազգային արվեստի աշխարհում որպես լիթոգրաֆիստ, նկարիչ և քանդակագործ: 1977 թվականին նա հաղթում է Լիթոգրաֆիայի Senefeld միջազգային մրցույթում: Սկզբնական շրջանում նրա արվեստի վրա մեծ ազդեցություն են ունեցել գերմանացի էքսպրեսիոնիստները` Օտտո Դիքսը և Ջորջ Գրոսը, ինչպես նաև իտալացի անտիկ վարպետները:

Բրունո Բրունին այն քիչ լիթոգրաֆիստ արվեստագետներից մեկն է, ով «նկարում է ողջ աշխատանքը անմիջապես քարի վրա»:

Ազգային պատկերասրահում կազմակերպվող ցուցահանդեսի առիթով լույս կտեսնի նրա աշխատանքների կատալոգը` հայերեն, ռուսերեն, անգլերեն և իտալերեն լեզուներով:

Իտալական «Ռենկո» շինարարական կազմակերպությունը ցուցահանդեսի բացառիկ հովանավորն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am